Ոչ մի դեպքում ներս չբերել ադրբեջանական տեղեկատվությունը

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ադրբեջանական մամուլը նոկաուտից հետո սկսել է ուշքի գալ։ Մինչեւ այս պահը այնտեղից համարյա ձայն դուրս չէր գալիս։ Ու հայկական կողմը տեղեկատվական դաշտում միակողմանի բոլոր հոսքերը, փաստացի, կառավարում է՝ սկսած պաշտոնական տեղեկատվությունից, մամուլից, վերջացրած հասարակ օգտատերերով սոցցանցերից։ Բայց հիմա ադրբեջանական կողմից սկսվում ա կտրուկ տեղեկատվական ակտիվացում։ Ու այս պարագայում մի կարևոր բան կա․ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չբերել ներս ադրբեջանական տեղեկատվությունը։ Այս պահին ադրբեջանական լրատվամիջոցները ամբողջությամբ վերահսկվում են ուժային կառույցների կողմից և տարածում են միայն խմբագրված նյութեր։ Դրա համար իրենց պետք չէ մեջբերել, տարածել։ Քանի որ այս պահից դրանք հանդիսանում են թշնամու քարոզչամեքենայի մի մաս։ Ոչ ավելի, ոչ պակաս»։

Ստորև «Հայերն այսօրը» ներկայացնում է Սամվել Մարտիրոսյանի մի քանի խորհուրդները՝ ինչպես վարվել տեղեկատվության հետ ռազմական իրավիճակում։
ա․ Չօգտվել ՈՉ ՄԻ անծանոթ աղբյուրից։
բ․ Ընդհանրապես չտարածել ադրբեջանական մամուլից տեղեկատվություն։ Քանի որ պատերազմական իրավիճակում հակառակորդի լրատվամիջոցները վերածվում են մաքուր քարոզչական գործիքների։ Ինքներդ, եթե ցանկանում եք, կարդացեք, բայց մի տարածեք։
գ․ Վերապահումով ընթերցել արտասահմանյան մամուլը, քանի որ այնտեղ հաճախ կամ գործից չհասկացող մարդիկ են գրում, կամ, որոշ երկրների դեպքում, միակողմանի տրամադրություններ ունեն
դ․ Անհայտ օգտատերերին սոցցանցերում երբեք չի կարելի ընկալել որպես տեղեկատվության աղբյուր
ե․ Չստուգված տեղեկատվությունը, որը ստանում եք ընկերներից կամ ծանոթներից, չարժի միանգամից ինտերնետում տարածել։ Մի քիչ հապաղելը դեռ ոչ մեկին վնաս չի տվել։ Հիշեք, որ դուք պաշտոնապես մամլո խոսնակ չեք եւ օպերատիվություն ձեզանից չի պահանջվում:
Scroll Up