Որեւէ Պարագայի Ներս Չբերել Ատրպէյճանական Տեղեկատուութիւնը

«Հայերն այսօրի» փոխանցմամբ` տեղեկատուական անվտանգութեան փորձագէտ Սամուէլ Մարտիրոսեան իր ֆէյսպուքեան էջին վրայ կը գրէ.
«Ատրպէյճանական մամուլը նոկաուտից յետոյ սկսել է ուշքի գալ: Մինչեւ այս պահը այնտեղից համարեայ ձայն դուրս չէր գալիս: Ու հայկական կողմը տեղեկատուական դաշտում միակողմանի բոլոր հոսքերը, փաստացի, կառավարում է` սկսած պաշտօնական տեղեկատուութիւնից, մամուլից, վերջացրած հասարակ օգտատէրերով սոցցանցերից: Բայց հիմա ատրպէյճանական կողմից սկսւում ա կտրուկ տեղեկատուական ակտիւացում: Ու այս պարագայում մի կարեւոր բան կայ․ ՈՉ ՄԻ ԴԷՊՔՈՒՄ չբերել ներս ատրպէյճանական տեղեկատուութիւնը: Այս պահին ատրպէյճանական լրատուամիջոցները ամբողջութեամբ վերահսկւում են ուժային կառոյցների կողմից եւ տարածում են միայն խմբագրուած նիւթեր: Դրա համար իրենց պէտք չէ մէջբերել, տարածել: Քանի որ այս պահից դրանք հանդիսանում են թշնամու քարոզչամեքենայի մի մաս: Ոչ աւելի, ոչ պակաս»:
Ստորեւ «Հայերն այսօրը» կը ներկայացնէ Սամուէլ Մարտիրոսեանի քանի մը խորհուրդները` ինչպէս վարուիլ տեղեկատուութեան հետ ռազմական իրավիճակի ժամանակ:
ա․ Չօգտուիլ ՈՉ ՄԻ անծանօթ աղբիւրից:
բ․ Ընդհանրապէս չտարածել ատրպէյճանական մամուլից տեղեկատուութիւն: Քանի որ պատերազմական իրավիճակում հակառակորդի լրատուամիջոցները վերածւում են մաքուր քարոզչական գործիքների: Ինքներդ, եթէ ցանկանում էք, կարդացէք, բայց մի տարածէք:
գ․ Վերապահումով ընթերցել արտասահմանեան մամուլը, քանի որ այնտեղ յաճախ կամ գործից չհասկացող մարդիկ են գրում, կամ, որոշ երկրների դէպքում, միակողմանի տրամադրութիւններ ունեն
դ․ Անյայտ օգտատէրերին սոցցանցերում երբեք չի կարելի ընկալել որպէս տեղեկատուութեան աղբիւր
ե․ Չստուգուած տեղեկատուութիւնը, որը ստանում էք ընկերներից կամ ծանօթներից, չարժի միանգամից ինտերնետում տարածել: Մի քիչ յապաղելը դեռ ոչ մէկին վնաս չի տուել: Յիշէք, որ դուք պաշտօնապէս մամլոյ խօսնակ չէք եւ օպերատիւութիւն ձեզանից չի պահանջւում: