ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ցավակցականը Նազարեթ Թոփալյանի մահվան կապակցությամբ

ՆԱԶԱՐԵԹ ԹՈՓԱԼՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ,
ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԵՎ ՖՐԱՆՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Խորը վշտով տեղեկացանք վաստակաշատ գրող, լրագրող և թարգմանիչ Նազարեթ Թոփալյանի մահվան մասին:
ՀՀ սփյուռքի նախարարությունը ցավակցում է ընտանիքին, մտերիմներին, լիբանանահայ և ֆրանսահայ համայնքին:
Նազարեթ Թոփալյանը՝ որպես գրող, լրագրող և թարգմանիչ, իր ուրույն ներդրումն է բերել Սփյուռքում Մայրենիի պահպանության ու տարածման ազգանպաստ գործին: Հայապահպանությանը վերաբերող նրա հոդվածներն ու աշխատությունները լույս են տեսել Սփյուռքի ամենահեղինակավոր լրատվամիջոցներում՝ Բեյրութի «Արարատ», «Ազդարար», «Այգ», «Զարթօնք», ապա Ֆրանսիայի «Անդաստան», «Աշխարհ», «Յառաջ» և «Նոր յառաջ», ԱՄՆ-ի «Նոր օր», «Պայքար», Եգիպտոսի «Արարատ» պարբերականներում: Իսկ ղեկավարելով «Հայ ընկերային օգնություն» ընկերակցությունը՝ պարոն Թոփալյանը մեծապես օգնել է ծայրահեղ աղքատության մեջ հայտնված բազում հայորդիների:
Կրկին մեր վշտակցությունն ենք հայտնում այս անդառնալի կորստի կապակցությամբ:
Վստահ ենք՝ Նազարեթ Թոփալյանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ