ՀՀ Նախագահ. Անկախության 25-ամյակի միջոցառումների կիզակետում անկախության սերունդն է լինելու
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/194.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 30-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում այցելել է հայկական Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ հանդես է եկել ծավալուն ելույթով: Ինչպես հայտնում է «Հայերն այսօրը»՝ հղում կատարելով ՀՀ Նախագահի մամուլի ծառայությանը: Ի թիվս այլ հարցերի՝ Նախագահը խոսել է նաև Անկախության 25-րդ տարեդարձի և սպասվող իրադարձությունների մասին:
«Այսօր Հայաստանը թևակոխել է նոր ժամանակաշրջան։ Երկրում շարունակվում են իրականացվել լայնածավալ օրենսդրական, կառուցվածքային բարեփոխումներ: Դրանց շարունակականության ապահովմանն են միտված նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված սահմանադրական բարեփոխումները, որոնք, վստահ եմ, կկատարելագործեն Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու մեխանիզմները: Այս նոր ուղին անցնելու ենք ձեզ հետ միասին՝ համատեղ ջանքերն ուղղելով հայրենիքի հզորացմանը:
Որքան էլ որ մեր առջև դեռևս բազմաթիվ անելիքներ ու խնդիրներ կան, կարծում եմ, այսօր մենք պատրաստ ենք վստահաբար շրջելու մեր պետության՝ «նորանկախ» կոչվող էջը և միասնաբար մուտք գործելու մեր համազգային նպատակների իրագործման նոր շրջափուլ: Հայաստանը երազ է, որ մենք այսօր իրականություն ենք դարձնում:
Հայաստանը մեր ու մեր սերունդների տունն է՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում: Հայաստանն իրոք աշխարհի ամենաջերմ ու հարազատ անկյունն է յուրաքանչյուր հայի համար և այդպիսին է լինելու միշտ:
Անկախության 25-ամյակի շրջանակներում միջոցառումների կիզակետում են լինելու երիտասարդությունը և հատկապես անկախության սերունդը: Այդ նպատակին է ծառայելու նաև Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և համագործակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների՝ ս.թ. հունիսի 11-16-ը Երևանում Հայաստանի անկախության 25-ամյակի շրջանակներում մեկնարկող «Ստեղծենք միասին՝ հանուն Հայաստանի» երիտասարդական ամենամյա հավաքը:
Նպատակն անկախության ստեղծագործող սերնդի, մասնավորապես՝ հայրենիքի և սփյուռքի գիտնական երիտասարդների, աշխարհի առաջնակարգ համալսարանների մագիստրանտների և ասպիրանտների համախմբումն է, ինչը նրանց հնարավորություն կտա սեփական գիտելիքներն ու կարողությունները ներդնել Հայաստանի զորացման և տարբեր բնագավառների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում»,-ասել է Սերժ Սարգսյանն իր ելույթում: