ՀՀ Նախագահ. Անկախութեան 25-Ամեակի Միջոցառումների Կիզակէտում Անկախութեան Սերունդն Է Լինելու

Նախագահ Սերժ Սարգսեան Մարտ 30-ին ԱՄՆ Մասաչուսէթս նահանգին մէջ այցելած է հայկական Սուրբ Յակոբ եկեղեցի, ուր հանդէս  եկած է ծաւալուն ելոյթով: Ինչպէս կը յայտնէ «Հայերն այսօրը»` յղում կատարելով ՀՀ Նախագահի մամլոյ ծառայութեան: Ի թիւս այլ հարցերու` Նախագահը խօսած է նաեւ Անկախութեան 25-րդ տարեդարձի եւ սպասուող իրադարձութիւններուն մասին:

«Այսօր Հայաստանը թեւակոխել է նոր ժամանակաշրջան: Երկրում շարունակւում են իրականացուել լայնածաւալ օրէնսդրական, կառուցուածքային բարեփոխումներ: Դրանց շարունակականութեան ապահովմանն են միտուած նախորդ տարուայ Դեկտեմբերին ընդունուած սահմանադրական բարեփոխումները, որոնք, վստահ եմ, կը կատարելագործեն Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրաւէրներին դիմակայելու մեխանիզմները: Այս նոր ուղին անցնելու ենք ձեզ հետ միասին` համատեղ ջանքերն ուղղելով հայրենիքի հզօրացմանը:

Որքան էլ որ մեր առջեւ դեռեւս բազմաթիւ անելիքներ ու խնդիրներ կան, կարծում եմ, այսօր մենք պատրաստ ենք վստահաբար շրջելու մեր պետութեան` «Նորանկախ» կոչուող էջը եւ միասնաբար մուտք գործելու մեր համազգային նպատակների իրագործման նոր շրջափուլ: Հայաստանը երազ է, որ մենք այսօր իրականութիւն ենք դարձնում:

Հայաստանը մեր ու մեր սերունդների տունն է` անկախ նրանից, թէ որտեղ ենք ապրում: Հայաստանն իրօք աշխարհի ամենաջերմ ու հարազատ անկիւնն է իւրաքանչիւր հայի համար եւ այդպիսին է լինելու միշտ:

Անկախութեան 25-ամեակի շրջանակներում միջոցառումների կիզակէտում են լինելու երիտասարդութիւնը եւ յատկապէս անկախութեան սերունդը: Այդ նպատակին է ծառայելու նաեւ Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ Հայկական բարեգործական ընդհանուր միութեան, «Լոյս» եւ «Այբ» հիմնադրամների` ս.թ. Յունիսի 11-16-ը Երեւանում Հայաստանի անկախութեան 25-ամեակի շրջանակներում մեկնարկող «Ստեղծենք միասին` յանուն Հայաստանի» երիտասարդական ամէնամեայ հաւաքը:

Նպատակն անկախութեան ստեղծագործող սերնդի, մասնաւորապէս` հայրենիքի եւ սփիւռքի գիտնական երիտասարդների, աշխարհի առաջնակարգ համալսարանների մագիստրանտների եւ ասպիրանտների համախմբումն է, ինչը նրանց հնարաւորութիւն կը տայ սեփական գիտելիքներն ու կարողութիւնները ներդնել Հայաստանի զօրացման եւ տարբեր բնագաւառների զարգացմանն ուղղուած ծրագրերի իրականացման գործում»,-ըսած է Սերժ Սարգսեան իր ելոյթին մէջ:

Scroll Up