ՀԲԸՄ-ի և ֆրանսահայ Գուրդիկյան ընտանիքի հերթական աջակցությունը՝ սիրիահայ ընտանիքներին

Մարտի 30-ին Սիրիահայերի աջակցության ծրագրի շրջանակներում ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում գործող «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ում տեղի ունեցավ ՀԲԸՄ-ի կողմից հավաքագրված և ձեռք բերված հագուստների հերթական խմբաքանակի բաշխումը: Արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ նախագահ Լենա Հալաջյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Յորդեկյանը և այլ հյուրեր:

«Հայաստանում հաստատված սիրիահայերին ուղղված հերթական աջակցությունը ֆրանսահայ Գուրդիկյան ընտանիքի կողմից է: Նրանք իրենց պատկանող «ՏԵՔՍՏՈ» ընկերության միջոցով տրամադրել են 155.000 եվրո արժողության տարբեր սեռի և տարիքի համար նախատեսված ավելի քան 4200 կտոր հագուստ, որը մի քանի օր շարունակ կբաժանվի Հայաստանում հաստատված սիրիահայ շուրջ 1000 ընտանիքների: Գուրդիկյան ընտանիքն անցյալ տարի նույնպես նման նախաձեռնությամբ է հանդես եկել, ինչի համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում»,-«Հայերն այսօրի»-ի հետ զրույցում ասաց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ի նախագահ Լենա Հալաջյանը:

ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը նախարարության անունից ևս շնորհակալություն հայտնեց Գուրդիկյան ընտանիքին՝ ցուցաբերած օժանդակության համար, և հույս հայտնեց, որ նման ծրագրերը շարունակական բնույթ կկրեն:

«Այս քայլը համազգային օգնության յուրատեսակ դրսևորում է՝ դժվարին կացության մեջ հայտնված սիրիահայերի նկատմամբ: Անժխտելի է, որ մեր գանձը ազգային համախմբվածությունն է, որն օգնում է մեզ դուրս գալ անելանելի իրավիճակներից»,-ընդգծեց փոխնախարարը: 

«Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում սիրիահայերը նույնպես երախտագիտություն հայտնեցին  աջակցության համար և ասացին, որ նման նախաձեռնություններն իրենց ուժ են տալիս:

Հավելենք, որ վերջին 4 տարիների ընթացքում ՀԲԸՄ-ն ավելի քան 3,2 միլիոն դոլարի օգնություն է ցուցաբերել սիրիահայությանը՝ Սիրիայում, Հայաստանում և Լիբանանում:

22223

Scroll Up