Դուդուկի հնչյուններ հեռավոր Արգենտինայում

Մարտի 23-25-ը Բուենոս Այրեսի Մարգարիտա Խիրգուի անվան թատրոնի դահլիճում տեղի է ունեցել «Հիշողության երաժշտություն» փառատոնը՝ նվիրված Արգենտինայում ռազմական հեղաշրջման և դիկտատուրայի  վերացման 40-ամյակին: Փառատոնը կազմակերպել էր մշակութային գործիչ Խորխե Սադը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է արգենտինահայ դուդուկահար Գագիկ Գասպարյանը, որը նույնպես մասնակցել է փառատոնին և ներկայացրել Հայաստանը: 

«Փառատոնին մասնակցում էին Արգենտինայում ստեղծագործող անվանի երաժիշտներ, որոնք ներկայացրեցին արգենտինյան ազգային երաժշտությունը, նաև ասմունքողներ կային: Ես, օգտվելով առիթից, օտար հանդիսատեսի առջև հնչեցրի Կոմիտասի «Չինար ես», «Հով, արե՛ք», «Գարուն ա» և ֆրանսահայ երգահան Մարինա Քրիստինայի «Հայու հոգին» ստեղծագործությունները: Փառատոնին մասնակցությունս նվիրել էի Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Այդ մասին հանդիսատեսին բարձրաձայնեցի ելույթից հետո և Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ հաղորդեցի»,-«Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Գասպարյանը:

Փառատոնի շրջանակներում երաժիշտը նաև Բուենոս Այրեսի Մորոնի շրջանի կոնսերվատորիայի ուսանողների և դասախոսների համար շուրջ 4 ժամ տևողությամբ վերապատրաստման դասընթաց է անցկացրել՝ նվիրված հայ երաժշտության պատմությանը և հայկական փողային գործիքներին: Դասախոսությանը մասնակցել է  30 մարդ:

«Բացի դասախոսությունից, նաև տարբեր գործիքներով նվագեցի: Լսելով մեր մաքրամաքուր երաժշտությունը՝ օտարները հիացմունքի խոսքեր էին հնչեցնում և շնորհակալություն հայտնում, որ Արգենտինայում տարածում եմ հայկական մշակույթը և նրանց հնարավորություն տալիս ծանոթանալու մեր երաժշտությանը: Ներկաներից մեկն ասաց, որ մեր երաժշտական գործիքներից հայ ժողովրդի հազարամյա պատմությունն են զգում: Մի աղջիկ էլ նկատեց, որ դուդուկի հնչյունները նրա հոգին այնպես են խաղաղեցրել և այնպիսի ազդեցություն են թողել, որ կարծես լսում է աշխարհի ձայնը և տեղափոխվել  հին դարաշրջան»,-իր խոսքը եզրափակեց Գագիկ Գասպարյանը:

Scroll Up