«Արի տունը» հայրենաճանաչության ծրագիր է, ոչ թե՝ հայրենադարձության. Սփյուռքի փոխնախարար

«Մեկ անգամ ևս ուզում եմ հստակեցնել, որ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տունը» հայրենաճանաչության ծրագիր է, ոչ թե՝ հայրենադարձության, և խնդրել,  հատկապես լրատվամիջոցներին, առավել զգուշավոր լինել, չշփոթել այս երկու բառերի՝ հայրենաճանաչություն և հայրենադարձություն, իմաստները»,- «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ հայտարարեց ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը՝ մարտի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացած Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի պատասխանատուների մամուլի ասուլիսի ժամանակ:

Արդեն 8-րդ տարին իրականացվող «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի նպատակն է՝ աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-Հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքի կենցաղին ու բարքերին:

5 ուղղություններով (Օշական-Աշտարակ-Մուղնի, Սարդարապատ-Էջմիածին-Զվարթնոց, Գառնի-Գեղարդ, Խոր Վիրապ-Նորավանք և  Սևան) նախատեսված շրջայցերի շնորհիվ՝ սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները ծանոթանում են Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին, թանգարաններին, տեսարժան վայրերին:

Վերջին 5 օրը ծրագրի մասնակիցներն անցկացնում են «Արի տուն» ճամբարում, որտեղ կազմակերպվում են ուսուցողական ծրագրեր. հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգի ու պարի դասընթացներ, հանդիպումներ են ունենում Հայաստանի պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ:

Scroll Up