ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ցավակցական խոսքը Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ,

Ա.ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ, ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ, ՆՐԱ ԱՐՎԵՍՏԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

 Խորապես ցնցվեցի` իմանալով մեր սիրելի Գեղամ Գրիգորյանի մահվան լուրը: Իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց իսկապես տաղանդավոր մի անհատա­կանություն, որը դեռ կենդանության օրոք լեգենդ էր և օպերային արվեստի պատմութ­յան մեջ ստեղծել էր իր՝ գրիգորյանական հետագիծը:

 Գեղամ Գրիգորյանն իր ողջ կյանքը նվիրաբերել էր արվեստին: Նա կերտում էր դասական կերպարներ, որտեղ ընդգծվում էր ոչ միայն նրա շնորհը, այլև արդիական մեկնություն էր տրվում կերպարին՝ բացահայտելով մարդկային հոգեկերտվածքը՝ իր ներքին խռովքով ու խինդով, ոգևորությամբ ու հիասթափությամբ, սիրով ու ատելությամբ, այլ կերպ ասած՝ մարդկային զգացումներով, որոնք երգի ու արտիստիզմի անզուգական համադրություն էին դառնում:

 Աշխարհը գիտեր նրան: Նա 20-րդ դարի լավագույն տենորներից էր. լեգենդար Էնրիկո Կառուզոյի, Բենիամինո Ջիլիի, Ֆրանկո Կորելլի կողքին էր նաև նրա պայծառ անունը, որը անպատմելի հպարտություն էր բոլորիս համար:

 Դեռ երկար-երկար հայ և օտար հանդիսատեսի լսողության ու հոգու մեջ վառ կմնան նրա կատարումները, որոնք հնչել են աշխարհահռչակ օպերային թատրոննե­րում ու համերգասրահներում՝ գեղեցիկ, համոզիչ, խիստ ազդեցիկ` միայն իրեն բնորոշ մեկնաբանմամբ:

 Նրա մասին հիշողությունները երբեք չեն խամրի. Գեղամ Գրիգորյանը կմնա որպես հավերժ ներկայություն՝ իր ձայնով, իր մարդկային նկարագրով, այն սերունդներով, ովքեր կրթվել են ու դեռ կկրթվեն նրա երաժշտությամբ:

 Հավերժ փառք Գեղամ Գրիգորյանին: Խոնարհում նրա վառ հիշատակի առաջ:

  ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ

 ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Scroll Up