Քըլըչդարօղլու. «Թուրքիան ինքնասպան ահաբեկիչներ պատրաստելու վայր է դարձել»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության համագումարի ժամանակ անդրադարձել է նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններին, գրում է Ermenihaber-ը:

«Ահաբեկչությունը պետք է խստորեն դատապարտվի` անկախ նրանից, թե ով է իրականացնում և որտեղ է իրականացվում: Ես միշտ ասել եմ, որ ահաբեկչությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է: Նմանատիպ իրադարձությունների նկատմամբ բոլորը պետք է ընդհանուր դիրքորոշում ունենան: Բրյուսելում կազմակերպված պայթյունները մարդկության դեմ հանցանքի դրսևորումներ են»,- ըստ CNNTurk լրատվական ծառայության` ասել է ընդդիմադիր գործիչը:

Ակնարկելով իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (AKP-ԱԶԿ)` նա ասել է. «Հունիսի 7-ին ընտրություններից հետո ասացին «նոյեմբերի 1-ին մեզ իշխանության բերեք այլևս զոհեր (PKK-ի հետ բախումներում զոհվող թուրք զինվորներ-EH) չեն լինի»: Ձեզ խոսք տվողները դրժեցին իրենց խոստումը: Ձեզ խաբեցին: Սպառնալիքով ու շանտաժով խաբեցին»:

Քըլըչդարօղլուն նաև ավելացրել է. «Թուրքիան այնպիսի վիճակի է հասել, որ ավելորդ է ահաբեկչության դեմ պայքարի մասին խոսելը, ավելին` Թուրքիան ինքնասպան ահաբեկիչներ պատրաստելու վայր է դարձել: Ուզու՞մ ես դառնալ մահապարտ ահաբեկիչ: Գնա՛, Թուրքիայում պատրաստություն անցիր»:

Scroll Up