Հայ մշակույթի շաբաթ Տոկիոյում

Մարտի 22-ին Տոկիոյի «Դայկանյամա Հիլսայդ տերաս» սրահների համալիրում կմեկնարկի Հայկական մշակույթի շաբաթը, որի նպատակն է ոչ միայն հայկական մշակույթն առավել ճանաչելի դարձնել ճապոնացի հասարակությանը, այլև մշակութային կամուրջ հաստատել Հայաստանի և Ճապոնիայի միջև։  Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանի օգնական Մոնիկա Սիմոնյանը:

Մշակույթի շաբաթը կազմակերպվել է Ճապոնիայում Հայաստանի դեսպանության ջանքերով, Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), համայնքային կառույցների, «Կոմիտաս» միության, «Գալերի Գինզա Իչոմե» և այլ ընկերությունների աջակցությամբ։

Մշակույթի շաբաթվա ընթացքում ցուցադրվելու են երիտասարդ ճապոնացի արվեստագետ Մակոտո Մաեդայի և հայազգի դիզայներ, նկարիչ Արև Պետրոսյանի աշխատանքները։ Ճապոնիայի «Շոգակայ» միությունը ներկայացնելու է հայաստանյան մոտիվներով ճապոնական գեղագրության արվեստը, մեկ առանձին սրահ նվիրվելու է հայկական խաչքարերի լուսանկարների ցուցադրությանն ու պատմությանը։ Գործելու է նաև Սերգեյ Ֆարաջանովի կյանքի և աշխատանքների մասին պատմող անկյուն։

Մարտի 24-ին, 26-ին և 27-ին անցկացվելու է հայ երաժշտության փառատոն, որի ընթացքում տեղի է ունենալու սոպրանո Արաքս Մանսուրյանի մենահամերգը՝ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի նվագակցությամբ։ Ծրագրված են նաև հայ և ճապոնացի  երաժիշտների համատեղ համերգներ, որոնց ընթացքում կհնչեն հայ դասական ստեղծագործություններ։ Հայ դասական երաժշտության ներքո կներկայացվի նաև ճապոնական սուսերապար։

Մարտի 26-ին և 27-ին տեղի կունենան հայկական և ճապոնական կաճամետրաժ ֆիլմերի երեկոներ։

Մշակույթի շաբաթվա ընթացքում կկազմակերպվի նաև ընդունելություն, որի ընթացքում հյուրերը կարող են համտեսել հայկական ավանդական ուտեստներ և խմիչք։ Հայկական գյուղատնտեսական մթերքը առանձին տաղավարում այցելուներին կներկայացնի JICA գործակալության աջակցությամբ Հայաստանում «One village one product» ծրագիրն իրականացնող ճապոնական ընկերությունը։

Scroll Up