Դրամական պարգև՝ Լոնդոնի հայկական կենտրոնին

Լոնդոնի կորպորացիոն բարեգործական ֆոնդը Հայկական տեղեկատվության և խորհրդի կենտրոնին է տրամադրել  20.000 ֆունտ-ստերլինգ, որպես բացառիկ պարգև՝ կենտրոնի քսանամյա գործունեության կապակցությամբ: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Հայկական տեղեկատվության և խորհրդի կենտրոնի ֆեյսբուքյան էջից:

Սա մեծ խթան կհանդիսանա կազմակերպության համար և հնարավորություն կընձեռի էլ ավելի կարևոր գործեր անել ի շահ Լոնդոնի հայ համայնքի: Հայկական տեղեկատվության և խորհրդի կենտրոնը առաջարկում է խորհրդատվական և առողջապահական ծառայություն Լոնդոնի հայ համայնքին և համայնքի հետ կապված անձանց: Կենտրոնն ունի մեծահասակների և, երիտասարդների ակումբ, ինչպես նաև նախադպրոցականներին համապատասխան հարմարություններ: Կենտրոնը ունի նաև հայոց պատմության և մշակույթի վերաբերյալ հարուստ գրադարան:

Հայկական տեղեկատվության և խորհրդի կենտրոնի գլխավոր տնօրեն Միսակ Օհանյանը շնորհակալություն է հայտնել և նշել, որ նա չափազանց երախտապարտ է իրենց աշխատանքը և ջանքերը գնահատելու համար: Նա նաև նշել է, որ այս բարեգործությունը իսկապես մեծ օգնություն էր իրենց համար այս չափազանց կարևոր ժամանակահատվածում: «Այս պարգևի շնորհիվ մենք կկարողանաք էլ ավելի արդյունավետ ճանապարհներ գտնել մեր ծառայությունները մատուցելու համար»,-ասել է Միսակ Օհանյանը:

Scroll Up