«Նարեկ»-ի սաները մշտապես ներկա են Սփյուռքի նախարարության ծրագրերում
Մարտի 16–ին ընդամենը 3000 հոգանոց հայկական համայնք ունեցող Կիպրոսի Հանրապետությունում մեծ ոգևորությամբ էին սպասում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Մի շարք պաշտոնական հանդիպումներից հետո հայկական պատվիրակությունը մայրաքաղաք Նիկոսիայում այցելեց նաև հայկական «Նարեկ» վարժարան, ուր այս պահին 211 հայորդի է ուսանում:
1972 թվականին իբրև «Նարեկ» վարժարան վերակազմավորված կրթօջախը գործում է Կիպրոսի երեք քաղաքներում և հայեցի կրթություն է իրականացնում նախակրթարանի և միջնակարգ դպրոցի ծրագրերով: Վարժարանը ակտիվ կերպով համագործացում է նաև ՀՀ սփյուռքի նախարարության հետ՝ մասնակցելով նախարարության ծրագրերին: Ինչպես «Հայերն այսօրի» հետ զրույցում նշեց վարժարանի տնօրեն Վերա Թահմազյանը, այս տարի ևս նարեկցիները կմասնակցեն Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին. նախնական տվյալներով՝ 16 պատանի կմասնակցի «Արի տուն-2016» հայրենաճանաչության ծրագրին:
Ի դեպ, վարժարանում ավանդույթ կա, որ ամեն տարի այդ տարեշրջանի շրջանավարտները ամռանն այցելում են Հայաստան՝ ծանոթանալու Հայրենիքի հետ:
ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության այցի առիթով վարժարանի սաների ջանքերով մշակութային մեծ ծրագիր էր պատրաստվել, որի ընթացքում իրենց ելույթներով փայլեցին վարժարանի պարախմբի, երգչախմբի սաները: Միջոցառմանը, բացի հայկական պատվիրակության անդամներից, ներկա էին նաև մր շարք կիպրոսցի պաշտոնյաներ, ինչպես օրինակ՝ Կիպրոսի կրթության նախարարը, Ազգային փոքրամասնությունների պետական մարմնի ղեկավարը և այլք:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Վարժարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Թաշչյանը: Վարժարանի անունից ձիթենու ճյուղի պատկերով հուշանվեր հանձնվեց ՀՀ Նախագահին, իսկ Սերժ Սարգսյանն ի պատասխան Կոմիտասի մասին հրատարակություններ ու խտասալիկներ նվիրեց վարժարանի գրադարանին:
Հանդիսությունից հետո ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվեցին Հայաստան-Սփյուռք գործակցությանը, Հայաստանի արտաքին քաղաքականությանը և նոր մարտահրավերներին վերաբերող հարցեր:
Հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ՀՀ Նախագահը Մովսես Խորենացի մեդալով պարգևատրեց «Կիպրահայեր» կայք էջի խմբագիր Սիմոն Այնեջյանին: Իսկ ահա համայնքի ամենատարեց սկաուտ Հարություն Անմահունին իր կողմից պարգև հանձնեց ՀՀ Նախագահին:
Հավելենք, որ Հարություն Անմահունին 5000 ԱՄՆ դոլար գումար է փոխանցել Արցախում զոհված հայ զինվորների մայրերին:
«Այս պատվավոր այցելությունները մեծ ուրախություն ու հպարտություն են մեզ համար: Սփյուռքում ապրող հայերիս համար պատիվ է այսպիսի ուրախ առիթներին պատրաստվելն ու հայրենիքիդ նախագահին դիմավորելը»,-«Հայերն այսօրի» հետ հեռախոսազրույցում ասաց «Նարեկ» վարժարանի տնօրեն Վերա Թահմազյանը: Խոսելով երեկվա միջոցառումների տպավորությունների մասին՝ տիկին Վերան ընդգծեց, որ համայնքը ուժ ու կորով ստացավ՝ շարունակելու հայապահպանության գործը: Նրա խոսքով՝ Սփյուռքում ապրող հայերի համար հպարտություն է գիտակցել, որ կա 25 տարվա անկախություն ունեցող հայկական պետություն և իրենց երազանքն է՝ Հայաստանը տեսնել հզոր ու բարգավաճ երկիր:
Վերա Թահմազյանը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ վարժարանին փոխանցված գրքերի համար, որոնց կարիքն իրենք շատ ունեին:
Ջուլիետա Մաթևոսյան