Նախագահը կհանդիպի ամերիկահայ գիտնականների հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում հանդիպելու է ամերիկահայ գիտնականների հետ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում (MIT):

Այդ մասին նա ասել է մարտի 16-ին՝ ելույթ ունենալով Կիպրոսի համալսարանում:

«Մի քանի օրից ես այցելելու եմ Միացյալ Նահանգներ եւ ի թիվս այլ միջոցառումների՝ մի մեծ հանդիպում ենք անցկացնելու «Լույս»-ի ուսանողների եւ ամերիկահայ գիտնականների հետ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում` հնարավորություն ընձեռելով իրենց շփվել միմյանց հետ, ստեղծել մասնագիտական եւ ակադեմիական կապեր եւ գործընկերություն»,- ասել է ՀՀ նախագահը:

«Հայաստանը, 2005 թվականին անդամակցելով Բոլոնիայի գործընթացին, իր համար համագործակցային նոր հնարավորությունների հարթակ ձեւավորեց եվրոպական տարածքի հետ եւ ստացավ միջազգային փորձառությունը լավագույնս կիրառելու նոր մեխանիզմներ: Այս առումով, ես ուրախ եմ, որ Հայաստանում գործում է «Աշխարհի միացյալ քոլեջներ» կրթական ցանցի մաս կազմող Դիլիջանի միջազգային դպրոցը։ Այն իր հարկի տակ է միավորում աշխարհի մոտ 60 երկրից ժամանած 100 ուսանողի»,- նշել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանն ասել է, որ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի մեկնարկի պահին աշխարհի 20 լավագույն բուհերում սովորում էր Հայաստանի ընդամենը 8 քաղաքացի:

«Անցած 8 տարվա ընթացքում մենք ունեցանք աշխարհի 10 լավագույն բուհերն ավարտած ավելի քան 200 ուսանող, այս պահին այդ բուհերում սովորում է ավելի քան 100 ուսանող»,- ասել է նախագահը:

Scroll Up