Իրանում նշվեց «Ակունք» պարային խմբի 30-ամյա հոբելյանը
Մարտի 3-ին եւ 4-ին բազմամարդ էր Հ. Մ. «Արարատ» կազմակերպության «Կոմիտաս» սրահը, քանզի հանդիսատեսը եկել էր մասնակից լինելու «Ակունք» պարային խմբի 30-ամյա հոբելյանին եւ դիտելու սաների կատարումները, ղեկավարությամբ` Կարինե Մանուչերյանի: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Իրանահայեր կայք-էջից:
Երկժամյա ելույթի ընթացքում, տարիքային տարբեր սահմանումներով եւ տարբեր խմբերի սաները ներկայացրեցին` հայկական ժողովրդական միջազգային եւ իրանական ավանդական պարեր, որոնք հանդիսատեսին ներկայացվեցին երկու բաժիններով: Միջոցառման սկզբում ցուցադրվեց «Ակունք»-ի անցած 30-ամյա աշխատանքները մարմնավորող տեսաֆիլմ, որից հետո մեկնարկեց ելույթը, զուգորդված ասմունքային կատարումներով: Ասմունքները ներկայացնում էր Թավրիզից ժամանած Նայիրի Դիլանյանը:
Երկրորդ բաժինը, որը լիովին հատկացված էր հայկական պարերին, ավարտվեց «Սասունցիների պար»-ը ասմունքային կատարումով, որը ներկաների բուռն ծափողջույններին արժանացավ եւ սաները միասնաբար ներկայացրին ժողովրդական պարերի շարան:
Կատարումների ավարտին բեմ հրավիրվեցին համույթի փորձավարները: Վերջում բեմ հրավիրվեց Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, եւ «Ակունք»-ը: Թավրիզի Հայ օգնության միության «Տաթեւ» պարախմբերի ղեկավար Կարինե Մանուչերյանի կողմից Սրբազան Հորը հանձնվեց հուշանվեր, իսկ թեմակալ առաջնորդի ձեռամբ հուշանվերներ հանձնվեցին` Թ. Հ. Թ. Թեմական խորհրդին, «Ալիք» օրաթերթին, Իրանում ՀՀ դեսպանությանը, Հ. Ուս. «Չհարմահալ» միությանը եւ Հ. Մ. «Արարատ» կազմակերպությանը:
Վերջում եզրափակիչ խոսքով հանդես եկավ թեմակալ առաջնորդը. իր գնահատանքի խոսքն ուղղելով խմբին՝ հավելեց. «Մշակույթը յուրաքանչյուր ժողովրդի հոգեմտավոր ապրումների եւ զգացումների դրսեւորումն է եւ այդ դրսեւորումներից մեկը պարն է»: