Ադրբեջանի զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել. հակառակորդը կորուստներ ունի

ՊԲ հարավարևելյան ուղղությամբ մարտի 8-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և ետ շպրտել վերջիններիս իրենց ելման դիրքերը:

Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել: ՊԲ համապատասխան ծառայությունների տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Մանրամասները ճշտվում են:

Մարտի 7-ին և 8-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 12 000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են համարժեք գործողությունների:

Բացի վերոնշյալ ապակառուցողական քայլերից, ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները մարտի 8-ին տեղեկատվություն էին տարածել, թե իբր Չայլու գյուղի ուղղությամբ հայկական ուժերը կրակ են բացել հովիվների ուղղությամբ:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարում է, որ նշվածը ապատեղեկատվություն է և, ի տարբերություն ադրբեջանական կողմի, հայկական ուժերը երբեք քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակ չեն վարում:

Scroll Up