Հայկական ջարդերը Սումգայիթում. 31 տարի անց
1988 թվականի փետրվարի վերջին Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային ջարդեր՝ ազգային պատկանելության պատճառով:
Փետրվարի 27-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին հայ բնակչության բնաջնջումը` ուղեկցված հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության ներքո երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին, խոշտանգվեցին և սպանվեցին բազմաթիվ մարդիկ: Պաշտոնական տվյալներով, կտտանքներից և ծաղրի ենթարկելուց հետո Սումգայիթի 32 հայ բնակիչ է սպանվել, հարյուրավորները ծանր վնասվածքներ են ստացել, հաշմանդամ դարձել:
Սումգայիթի հայության կոտորածն առաջին էթնիկ բռնությունն էր ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ: Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկման և միջազգային հանրության ապատեղեկացման պատճառով Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին հակահայկական ուժեղ քարոզչությունը, ինչը հանգեցրեց Կիրովաբադի, Բաքվի կոտորածների, Շահումյանի շրջանի ամբողջ բնակչության արտաքսմանը, պատերազմի հրահրմանը՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի իրացման պահանջի:
1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը` առնվազն կես միլիոն մարդ: Կոտորածները ոչ այլ ինչ էին, քան պատասխանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնցով պահանջվում էր իրականացնել ինքնորոշման սահմանադրական իրավունքը:
1988թ. հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց Սումգայիթի կոտորածը դատապարտող բանաձև, որում ասվում է՝ «Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի` Հայաստանի մաս հանդիսանալու պատմական իրողությունը (մարզի բնակչության 80%-ը կազմում են հայերը), ինչպես նաև 1923թ.-ին այս մարզը կամայական որոշմամբ Ադրբեջանին միացնելու հանգամանքը, ինչպես նաև 1988թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածը, նկատի ունենալով, որ Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրավիճակի պատճառով տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ Սումգայիթում և բռնություններ Բաքվում, ինչի հետևանքով հայերի համար վտանգավոր է ապրել Ադրբեջանում, դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների հանդեպ բռնություններն ու ճնշումները»:
Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն դատապարտել Սումգայիթի ջարդերը կամ ափսոսանք հայտնել էթնիկական զտումների համար: Հակառակը` Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպես զոհ: Կոպտորեն աղավաղելով փաստերը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյամարտը ներկայացնում է որպես «ագրեսիա», իսկ հայերի հանդեպ ցեղասպանություն իրականացրած ոճրագործները մինչ օրս մնում են անպատիժ: