«Մարդասիրական արձագանքից դեպի կայուն լուծումներ» խորագրով աշխատաժողովն ամփոփեց արդյունքները
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/aMPOPUM.jpg)
Փետրվարի 24-ին ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության նիստերի դահլիճում ՀՀ սփյուռքի նախարարության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության և Հայկական բարեգործական ընդհանուր միության համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մարդասիրական արձագանքից դեպի կայուն լուծումներ» խորագրով աշխատաժողովը՝ նվիրված Սիրիայի հակամարտության հետևանքով տեղահանված և Հայաստանում հաստատված անձանց ինտեգրման դյուրացման խնդիրներին:
Աշխատաժողովին մասնակցեցին պետական գերատեսչությունների, Հայաստանում սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող հասարակական, միջազգային և համահայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղեկալ Աշոտ Հովակիմյանը, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության տնօրեն Ռազմիկ Փանոսյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետոն:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, արժևորեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծման աջակցությանն ուղղված բարեսիրական ծրագրերը, բարձր գնահատեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ՀՀ գրասենյակի դերակատարությունը, ՀԲԸՄ-ի շարունակական գործունեությունը, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության դերն ու պատրաստակամությունը, ակտիվ ջանքերը՝ սիրիահայությանն օգնելու ուղղությամբ:
Նախարարը կարևորեց նաև պետական մարմինների, հոգևոր կառույցների, համահայկական, բարեգործական և միջազգային կազմակերպությունների աջակցությունը՝ միտված սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը:
Իր ելույթում Սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց. «The Economist» պարբերականի հրապարակած տվյալներով՝ Սիրիայից ընդունած փախստականների թվով Հայաստանը երրորդն է Գերմանիայից ու Շվեդիայից հետո: Սակայն, եթե Գերմանիայում 1000 քաղաքացու հաշվով կա 4-5 փախստական, ապա Հայաստանում այդ ցուցանիշը նույն չափորոշիչով6-7 հոգի է: Սիրիացի փախստականների աջակցության համար Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից հատկացված 5-ական միլիարդ դոլար օգնությունից Հայաստանին որևէ բաժին չի հասել: Մեր երկրին այդ հարցում օգնում է միայն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իր սուղ միջոցներից, ինչպես նաև Քուվեյթը, Ավստրիան և Ռուսաստանը, որոնք նույնպես մարդասիրական օգնություն են ցուցաբերել սիրիահայերին:
Հայաստանի կառավարության դիրքորոշմամբ՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերը չեն կարող կոչվել փախստականներ, թեև նրանք փաստացի փախստական են: Պետությունը պարտավոր է նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրել հնարավոր բոլոր միջոցներով և այդ ուղղությամբ զգալի քայլեր է կատարել: Պետբյուջեից գումար է հատկացվել թե՛ Սիրիայում, թե՛ Հայաստանում բնակվող սիրիահայերի կարիքների համար: Բացի այդ, ընդունվել են օրենսդրական ակտեր, որոնք նպաստում են սիրիահայերին աջակցության տրամադրումը համակարգված կազմակերպելուն: Ստեղծվել է սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական մարմին, որն իր ամենամսյա նիստերում քննարկում է առկա խնդիրները և լուծումներ առաջարկում: Մեր հայրենակիցների մեծ մասը կրթության, մշակույթի, սպասարկման ոլորտներում գտել է իր տեղը, իր հետ բերել նաև նոր աշխատանքային մշակույթ: Գործատուները հաճախ են ընդգծում սիրիահայերի աշխատանքային բարձր կարգապահությունը և բարեկիրթ վարվելակերպը»:
Անդրադառնալով սիրիահայերի ինտեգրման դժվարություններին՝ Սփյուռքի նախարարն առանձնացրեց մի շարք հանգամանքներ: Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ Սիրիայում հակամարտության առաջին մեկ-երկու տարում Հայաստան եկած սիրիահայերի զգալի մասը չէր պատկերացնում, որ այստեղ երկար կմնա, և ձգձգվող պատերազմը նպաստեց հոգեբանական բարդությունների առաջացմանը: Այժմ էլ այստեղ հաստատվածների մեծ մասի ընտանիքները բաժանված են. հարազատների մի մասը դեռ մնում է Սիրիայում: Բացի այդ, ինչպես նշեց նախարարը, «շարունակվող պատերազմի հետևանքով Հայաստանում ապրող սիրիահայերը ևս գրեթե ամեն օր ունեցվածք են կորցնում. Սիրիայում վնասվում ու ավերվում են նրանց տները, գործատեղերը»: Շարունակ կրկնվող հոգեբանական նման հարվածները նույնպես բարդացնում են ինտեգրման գործընթացը: Նախարարը, որպես ինտեգրումը դժվարացնող գործոն, նշեց նաև Հայաստանի ու Սիրիայի օրենքների միջև եղած տարբերությունները՝ հավելելով, որ այդ խնդիրը լուծելու նպատակով հրատարակվել և սիրիահայերի շրջանում տարածվել է Հայաստանի հարկային, մաքսային համակարգերի առանձնահատկությունների վերաբերյալ գրականություն:
Հրանուշ Հակոբյանը նշեց նաև, որ թեև Հայաստանից սիրիահայերի մի մասը տեղափոխվում է երրորդ երկրներ՝ հիմնականում Շվեդիա ու այլ եվրոպական երկրներ, նաև Կանադա, սակայն հակառակ գործընթացը ևս կա: Շատերը մեկնելով այլ երկրներ՝ ունենում են լեզվական, ֆինանսական խնդիրներ, նույնիսկ չեն հարմարվում տեղի բնակլիմայական պայմաններին, ինչպես Կանադա մեկնած սիրիահայերի դեպքում է, բացի այդ, միշտ չէ, որ սոցիալական ապահովության երաշխիքներ են ստանում: Այդ պատճառով, ըստ նախարարի, կան արդեն հետ՝ դեպի Հայաստան վերադարձողներ:
«Ակնհայտ է, որ սիրիահայերի հիմնական մասը Հայաստանում ինտեգրվել է, աշխատում է, սակայն կան որոշակի բարդություններ, հատկապես՝ բնակարանի և աշխատանքի հիմնահարցերում: Փորձում ենք ոչ միայն միջազգային կառույցների, այլև համահայկական բարեգործական կազմակերպությունների ուժերը մեկտեղել, օգնել: Չնայած մի շարք հարցերում առկա օրինաչափություններին՝ պարտավոր ենք անհատական վերաբերմունք ցուցաբերել յուրաքանչյուրին: Բավականին ծանր խնդիր է, բայց մեր հայրենակիցներն են, սիրով պարտավոր ենք նրանց հարցերը լուծել»,- ընդգծեց Սփյուռքի նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ Հայաստանը միայնակ ի վիճակի չէ լուծել բոլոր խնդիրները, անհրաժեշտ է միջազգային կազմակերպությունների աջակցությունը:
Խոսելով համագործակցության և գործընկերության մասին՝ նա նշեց, որ սիրիական պատերազմի առաջին օրերից համագործակցում է ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթի հետ, և համարում է նրան լավագույն գործընկեր:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր ելույթում նշեց. «Ժամանակն է, որ բոլորի ջանքերը համատեղելով, անցնենք կայունացման գործընթացին, առավել լիարժեք պայմաններ ապահովենք մեր հայրենակիցների համար»:
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության տնօրեն Ռազմիկ Փանոսյանը հաստատակամություն հայտնեց շարունակել ամենաշտապ և կարևոր խնդիրների լուծմանը և Հայաստանում սիրիահայերի ինտեգրմանն ուղղված աջակցությության ծրագրերի իրականացումը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղեկալ Աշոտ Հովակիմյանը հույս հայտնեց, որ աշխատաժողովը կօգնի վեր հանել սիրիահայերի ինտեգրման առավել արդյունավետ քայլերը և անդրադարձավ այդ գործընթացը կարգավորելու մեկ այլ մոտեցման՝ միջազգային հանրության ոչ բավարար ուշադրության և համագործակցության անհրաժեշտության վրա:
ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետոն շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և կարևորեց սիրիահայերի ինտեգրմանը, հատկապես կեցության և զբաղվածության խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը:
Բացման ելույթներից հետո աշխատաժողովն իր աշխատանքները շարունակեց 4 հարթակներում, որտեղ Հայաստանում սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող պետական գերատեսչությունների, հասարակական, միջազգային և համահայկական կազմակերպությունների ներկայացուցիչները շարունակեցին արդեն ավելի առարկայաբար քննարկել սիրիահայերի ինտեգրմանը, կրթական, սոցիալական, հոգեբանական աջակցությանն առնչվող հարցեր:
Ամփոփելով արդյուքները՝ Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց աշխատանքային խմբերին հետաքրքիր մտքերի, առաջարկությունների, հարցադրումների համար: Նա նշեց. «Պետք է կարողանանք այս բոլոր գաղափարները դասակարգել, արժևորել, ստեղծել բանկ և հետևողականորեն դրանք իրագործել: Ճիշտ կլինի ռազմավարական ծրագիր ստեղծել, զբաղվել նշված խնդիրների լուծման համար ռեսուրսների հավաքագրման, լուծման ուղիների հստակեցման և ակնկալվող առաջարկությունների համակարգման աշխատանքներով»: