Կառլոս Մելքոնյանի այցը Արգենտինայի Հայկական կենտրոն

Արգենտինայի Ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանը հունվարի 22-ին հյուրընկալվել է Արգենտինայի Հայկական կենտրոնում, որտեղ տեղի է ունեցել հայկական ազգային ուտեստների հյուրասիրություն: Հանդիպումը տեղի է ունեցել համագործակցության շրջանակներում, որին մասնակցում էին համայնքային կառույցներ, բարերարներ, Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, հյուպատոս Էսթերա Մկրտումյանը և այլ հյուրեր: Այս մասին «Հայերեն այսօրը» տեղեկանում է «Սարդարապատ» պարբերականից:
Կառլոս Մելքոնյանն առաջին հերթին այցելել է տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ ստացել է արքեպիսկոպոս Գիսակ Մուրադյանի օրհնությունը: Արքեպիսկոպոսի ընդունարանում Հայկական կենտրոնի նախագահ Ալբերտո Ջերեջյանը ողջույնի խոսքեր է ասել ներկաներին:
Մելքոնյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նկատել, որ ամեն անգամ նշելով իր հայկական ծագման մասին, ստանում է հաճելի մեկնաբանություններ, որոնք բնութագրում են համայնքի անդամների աշխատասեր և համախմբված լինելը:
«Կատարում ենք դժվար և շատ պատասխանատու աշխատանք, որպեսզի հաջողության հասնենք»,- հավելեց Կառլոս Մելքոնյանը:
Հանդիպման ավարտին ընդունող կառույցը Կառլոս Մելքոնյանին է հանձնել հայկական արծաթյա խաչ և գիրք՝ Հայաստանի լուսանկարներով: