Սոֆիայի հայ համայնքը նշեց Տեառնընդառաջը (լուսանկարներ)

Փետրվարի 14-ին Սոֆիայի Հայոց ազգային տանը տիրում էր ուրախ խառնաշփոթ: Մինչ Սբ. Աստվածածին եկեղեցում կատարվում էր կիրակնօրյա տոնական ժամերգությունը՝ երեխաները և երիտասարդները պատրաստվում էին իրենց ելույթին: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Գոհար Խնկանոսյանը:
Տեառնընդառաջը համայնքում սկսվեց նշվել 2002 թվականից՝ Սթ. Հովակիմյանի անվան դպրոցական ընկերության կողմից, հիմնականում՝ Գոհար Խնկանոսյանի աշակերտների մասնակցությամբ: Տարիների ընթացքում տոնը սիրվեց և ավանդական դարձավ Բուլղարիայի մայրաքաղաքի հայկական համայնքի համար: Այս տարի, համընկնելով ոչ աշխատանքային օրվա հետ, Տեառնընդառաջը նշվեց առավել շուքով՝ տեղական եկեղեցական վարչության, ՀՄԸՄ-ի, «Բարեգործական»-ի և այլոց մասնակցությամբ:
Ըստ կարգի՝ խորանից վերցված մոմով վառվեց եկեղեցու բակում պատրաստված կրակը: Թեմի առաջնորդ Տ. Իսահակ վրդ. Պողոսյանը ողջունեց ներկաներին և օրհնեց նորապսակ զույգին: Մինչ կրակի բոցերն իջան, ՀՄԸՄ սկաուտներն ասմունքեցին, իսկ մանուկներն ավանդական աղանձ ստացան Գոհար Խնկանոսյանից:
Ներկաների տրամադրությունն էլ ավելի բարձրացավ, երբ ելույթ ունեցավ ՀԲԸՄ-ի աշակերտական «Հայ լեռ» պարախումբը, որին միացավ երիտասարդական «Նաիրի» անկախ պարախումբը, ու միասին կատարեցին «Թամզարա» շուրջպարը: Էմմա Շահինյանի ղեկավարած «Նաիրի» պարախմբի «Էջմիածնի» և «Մայրոքե» շուրջպարերին միացան նաև ներկաները:
Հավելենք, որ այս տարի Պլովդիվ, Ռուսե և այլ քաղաքներում ևս նշվեց Տիրոջն ընդառաջ գնալը խորհրդանշող վաղեմի այս տոնը:
Լուսանկարները՝ հեղինակի