Բաց դասի շրջանակներում «Հայորդյաց տան» սաները մրցեցին հայերենի իմացությամբ

Փետրվարի 14-ին՝ Մոսկվայի «Հայորդյաց տանն» անցկացվող Մայրենի լեզվի միամսյակի շրջանակներում, հայոց լեզվի ուսուցչուհի Ջեմմա Կիրակոսյանի՝ 4Ա դասղեկական դասարանում անցկացվեց բաց դաս։ Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից:

Դասարանի սաներից կազմված «Ձայնավորներ» և «Բաղաձայններ» թիմերը մրցեցին միմյանց հետ հայերենի և հայոց տառերի մասին ունեցած գիտելիքներով, ուղղագրության իմացությամբ, պատասխանեցին հանելուկներին և ասմունքեցին։

Մրցույթի ձևաչափով անցկացվող բաց դասի ժամանակ երկու թիմերի ներկայացուցիչներն էլ աչքի ընկան սրամիտ պատասխաններով, արագ կողմնորոշվելու կարողությամբ։ Հենց դա էր պատճառոը, որ դասի կազմակերպիչ  Ջեմմա Կիրակոսյանը գերադասեց չհաշվել մրցույթի արդյունքները՝ ասելով, որ բոլորն էլ լավ պատրաստված և բանիմաց երեխաներ են։

Բաց դասին ներկա հայերենի ուսուցչուհիներն իրենց հիացմունքը հայտնեցին փոքրիկներին։ Սվետլանա Միքայելյանը նշեց, որ սաները մեկընդմիշտ կհիշեն, որ փետրվարի 21-ը Մայրենիի միջազգային օրն է ու այդ հիշությունը նրանց կստիպի օտար լեզուների շարքում երբեք ու երբեք չմոռանալ մայրենիի կիրառության մասին։

«Շնորհակալություն տիկին Կիրակոսյանին և ձեզ, սիրելի փոքրիկներ, քանի որ ցույց տվեցիք, թե որքան նվիրված եք մայրենի լեզվին։ Ձեզ տեսնելով կարելի է վստահ ասել, որ Ջեմմա Կիրակոսյանի կողմից ձեր մեջ ներդրված հայերենի սերմերը ծլարձակելու և հաստատուն արմատ են տալու։ Քանի որ դուք լեզվի փոքրիկ գիտակներ եք, ովքեր ոչ թե դասը անգիր են սովորում, այլ հասկանում և սիրում են հայոց լեզուն»,-դիմելով սաներին՝ ասաց Երանուհի Ղազարյանը։

«Հայորդյաց տանը» փետրվարը նվիրված է Մայրենի լեզվին, որի շրջանակներում անցկացվում են հայերենին նվիրված բաց դասեր, մրցույթներ և բեմականացված միջոցառումներ։

բաց դասբաց դաս1 բաց դաս2 բաց դաս4

Scroll Up