«Համատեղ ուժերով միայն՝ կարող ենք արդյունքի հասնել».Մհեր Հովհաննիսյան
ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ 2016 թվականին շարունակում է «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը: Նախապատրաստական աշխատանքների, ծրագրում կատարված փոփոխությունների ու նորությունների շուրջ է «Հայերն այսօրի» հարցազրույցը ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.թ. «Սփյուռք ամառային» դպրոց ծրագրի նորանշանակ ղեկավար Մհեր Հովհաննիսյանի հետ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, ստանձնելով «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի ղեկավարի պաշտոնը, ի՞նչ նոր «շունչ» եք փորձելու հաղորդել ծրագրին:
-ԵՊՀ-ի գլխավոր նպատակը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ հայապահպանությանը նպաստող այս կարևոր ծրագիրը հավուր պատշաճի և պատվով իրականացնելն է:
2016 թվականին «Սփյուռք» ամառային դպրոցում գործելու են դասընթացներ հինգ ուղղություններով ՝ նախկին 6-ի փոխարեն: Դրանք են՝ «Հայոց լեզվի արագացված ուսուցում», «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում», «Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ», «Լրագրողների վերապատրաստում», «Ազգային երգի ու պարի վարպետություն»:
Նախկինում առանձին էր իրականացվում «Երիտասարդ առաջնորդների» և «Համայնքային գործի կազմակերպիչների» դասընթացները:
Ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ այդ ուղղությունները միավորել ենք: Այս տարի նախատեսվում է ընդունել շուրջ 285 մասնակից:
Կարծում եմ՝ համատեղ ուժերով կարող ենք արդյունքի հասնել:Այս հարցում, անշուշտ, մեծ դեր ունեն ոչ միայն դասախոսներն ու ծրագրի կազմակերպիչները, այլև հենց իրենք՝ սփյուռքահայ մեր հայրենակիցները:Առանց փոխըմբռման՝ չենք կարողանա հաջողության հասնել:Մասնակիցները պետք է գիտակցեն, որ Հայրենիքում իրենց մասնագիտական վերապատրաստություն անցնելու հրաշալի առիթ է ընձեռված, որի շնորհիվ նոր հմտություններ ձեռք բերած՝ կվերադառնան իրենց բնակության վայրեր և կկիրառեն այն՝ ի նպաստ հայապահպանության և մատաղ սերնդի դաստիարակության:Ուստի, ակնկալում ենք մասնակիցների իսկապես նպատակային ընդգրկվածություն:
–Դասընթացների կազմակերպման առումով նորություններ նախատեսվո՞ւմ են:
-Բովանդակային առումով 5 դասընթացները երկու մասի են բաժանված՝ կրթական և մշակութային-հասարակական:
Կրթական մասով ձգտելու ենք դասընթացները բարձր մակարդակով կազմակերպել:Փոխանցելու ենք այնպիսի գիտելիքներ, որոնք մասնակիցներին իսկապես անհրաժեշտ են: Նախորդ տարիների համեմատությամբ այս տարվա նորությունն այն է, որ հնարավորինս շատ մասնագիտական առարկաներ են դասավանդվելու:Իսկ ոչ մասնագիտական առարկաները կլինեն կամընտրական. այսինքն՝ լինելու են պարտադիր և կամընտրական առարկաներ:
Կամընտրական առարակաների թիվը յուրաքանչյուր դասընթացում 4-ն է լինելու: Մինչև Հայաստան գալը մասնակիցներին հնարավորություն կընձեռվի նախապես ընտրել 4 կամընտրականից իրենց նախընտրած 2 առարկաները:
Մյուս կողմից աշխատանքներ ենք տանում, որ հնարավորություն լինի արդեն ծրագրի ավարտից հետո տանը շարունակելու ամառային դպրոցի կրթական վերապատրաստումը:Մեր կողմից Սփյուռքի նախարարությանը ներկայացվել են հայագիտական ուղղվածության հեռաուսուցման համալսարանական եռամսյա ծրագրեր:Նպատակն է ավելի նպաստել մեր մասնակիցների ուսումնական առաջընթացին:Թերևս հեռաուսուցման համակարգը 2017թ.-ից լիարժեք մաս կկազմի ծրագրին, սակայն մենք արդեն հնարավորություն ենք ստեղծել, դպրոցի սահմաններից դուրս, ցանկացողներին Հայոց պատմության շուրջ նման ծրագրի մասնակցելու (տե՛ս http://www.armin.am/am/herausucum):
Ինչ վերաբերում է մշակութային միջոցառումներին, այս տարի ևս առիթ ենք ստեղծելու, որ մասնակիցների հանգստյան օրերը հետաքրքիր և բովանդակալից անցնեն:Դասընթացներից հետո կկազմակերպվեն այցելություններ պատմամշակութային վայրեր, հանդիպումներ կլինեն հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների և հոգևոր այրերի հետ:
Այն սփյուռքահայերը, ովքեր նախկինում չեն մասնակցել «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին, գրանցման ժամանակ նշելու դեպքում, նրանց համար կապահովվի գիշերակացն ու կեցությունը:Նախորդ տարիների մասնակիցները նույնպես կարող են անվճար մասնակցել ծրագրի կրթական մասին, սակայն այս դեպքում չի ապահովվի նրանց գիշերակացն ու կեցությունը:
Խրախուսական մրցանակներ ենք սահմանելու յուրաքանչյուր դասընթացի այն լավագույն մասնակիցների համար, որոնք կորոշվեն ծրագրի վերջում ստուգարքի միջոցով:
Հավելեմ նաև, որ ամառային դպրոցի կրթական որակները բարձր պահելու համար հավաստագրեր տրվելու են միայն այն մասնակիցներին, ովքեր կկատարեն իրենց կողմից նախապես ընտրված գործնական աշխատանքը և այն կստանա հանձնաժողովի դրական գնահատականը, ինչպես նաև դասընթացի ժամանակ չեն ունենա երեքից ավելի բացակայություն:
–Փետրվարի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նիստին ասացիք, որ շեշտն առավելապես դրվելու է գործնական աշխատանքների վրա: Կմանրամասնե՞ք:
-Ճիշտ եք:Ավելացել է գործնական աշխատանքների բաղադրիչը, որին մեծ ուշադրություն է դարձվելու:Հենց տեղում, գործնական աշխատանքերի միջոցով ստուգվելու է մասնակիցների կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև դասընթացի ընթացքում ստացած գիտելիքների պաշարը:
Գործնական աշխատանքների շնորհիվ մենք որոշելու ենք դասընթացների արդյունավետությունը, իսկ մասնագիտական հանձնաժողովները ստուգարքի միջոցով՝ մասնակիցների գիտելիքները: Բոլոր դասընթացները անցկացվելու են ԵՊՀ-ում:
-Այլ փոփոխություններ նախատեսվո՞ւմ են ծրագրում:
-Իհարկե: Իբրև նորամուծություն, այս տարի կիրառվելու է կամավորների սկզբունքը. ի՞նչ է այն ենթադրում: Երբ ծրագրին մասնակցող սփյուռքահայ հայրենակիցները, հիմնականում երիտասարդները, ամռանը գալիս են Հայաստան, ցավոք, իրենց հասակակիցների հետ չեն կարողանում նույն կրթական ձևաչափում ծանոթանալ, քանի որ այդ շրջանում մեծամասնությունը արձակուրդի մեջ է լինում:
Այստեղ օգնության ձեռք են մեկնելու մեր կամավորները: ԵՊՀ-ի բարձր կուրսերի ուսանողներից բոլոր խմբերին կկցվեն երեք կամավոր:Նրանք ոչ միայն մասնակցելու են դասընթացներին, փորձի փոխանակումներին, այլև յուրօրինակ կամուրջ են հանդիսանալու ՀՀ սփյուռքի նախարարության, ԵՊՀ-ի և ծրագրի մասնակիցների միջև: Պատմամշակութային վայրեր այցելությունների ժամանակ կամավորները ներկայացնելու են տվյալ վայրերը, փորձելու են լուծել ընթացքում առաջացող հարցեր:
Նշեմ նաև, որ ընտրված ուսանողները մասնագիտական տեսանկյունից որոշակիորեն համապատասխանելու են տվյալ ուղղության դասընթացներին:
-Տեղյակ եմ, որ արդեն գործում է «Սփյուռք» ամառային դպրոցի պաշտոնական կայքը՝ www.dss.am: Ինչպե՞ս առաջացավ նման կայք ստեղծելու գաղափարը:
-Կայքի ստեղծումն այն նորամուծություններից մեկն էր, որ ներկայացրել էինք նախարարությանը:Մտածեցի, որ այս կարևոր նշանակություն ունեցող ծրագիրը պետք է ունենա իր սեփական «դեմքը», ինչը խիստ նպատակային է: Ամբողջ աշխատանքն իրականացվել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «Վիրտուալ հայագիտության և տեղեկատվության» բաժնի աշխատակիցների մասնակցությամբ, որը հավելյալ միջոցներ չի պահանջել:
Եռալեզու՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն կայքի հիմնական նպատակը ծրագրին մասնակցել ցանկացող սփյուռքահայ հայրենակիցներին դպրոցի գործունեության մասին մանրամասն տեղեկություններ հաղորդելն է:
Կայքում նյութերը թարմացվում են նաև ՀՀ սփյուռքի նախարարության կողմից տրամադրվող տեղեկատվական նյութերով և մամուլի հրապարակումներով:
Հայտադիմումներն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով, որը կարելի է լրացնել՝ մուտք գործելով վերոնշյալ կայքի «Դպրոց» բաժնի հինգ դասընթացներից յուրաքանչյուրի ենթակայքում գտնվող «Գրանցվել» բաժինը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանված 2016 թվականի մայիսի 31-ը:Կայքը հնարավորություն է տալիս, որ մասնակիցները հայտադիմումների մեջ ներբեռնեն երաշխավորագրերը և գրավոր լրացնելուց հետո ուղարկեն համապատասխան էլեկտրոնային փոստերին:
Կայքի «Հրապարակումներ» բաժնում մասնակիցները կկարողանան օգտվել մասնագիտական գրականությունից, դասախոսություններից, դիդակտիկ և մեթոդական նյութերից: «Դիտել» բաժնում ներկայացվելու են նախորդ տարիների մասնակիցների լուսանկարներն ու ծրագրին առնչվող տեսանյութերը: Կայքը Youtube-ում և Facebook-ում նույնպես իր էջերն ունի:
– Նոր առարկաների ուսուցում նախատեսվու՞մ է:
-Այո՛, առարկաների լուրջ փոփոխություններ են կատարվել:Նախորդ տարիների փորձը և մասնակիցների պահանջներն ու առաջարկները հաշվի առնելով՝ պարտադիր առարկաների ցանկում կընդգրկվեն այնպիսի առարկաներ, որոնք մասնակիցներին մասնագիտական հմտություններ կփոխանցեն և վերաորակավորման նոր հնարավորություններ կընձեռեն:
Կարևորել ենք նաև այն հանգամանքը, որ մասնակիցները հնարավորություն ունենան ստացած գիտելիքները կիրառել նաև Հայրենիքում:Այդ նպատակին է ծառայելու «Իրավական հիմնահարցեր» առարկան, որպեսզի սփյուռքահայը Հայաստան գալուց առաջ իրազեկված լինի իր իրավունքներին, տիրապետի գործող օրենքներին:
Պարտադիր առարկաներին զուգահեռ մասնակիցները հնարավորինս շատ հայրենաճանաչողական առարկաներ կուսանեն:
Դասընթացների մասնագիտական հիմնական ներուժը ապահովելու են ԵՊՀ-ի դասախոսները: Օգտագործվելու են նաև ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները:
Ծրագրի մասնակիցները առիթ կունենան ծանոթանալու «Բարձրագույն կրթությունը Հայաստանում՝ ԵՊՀ-ի օրինակով» խորագիրը կրող նյութին:Ներկայացվելու են Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերը, տեղի ունեցած բարեփոխումները, գործող կրթօջախների աշխատանքները, որոնց կիզակետում է լինելու ԵՊՀ-ն: Այս առարկայի ուսուցումը նպատակ ունի օգնելու հայաստանյան բուհերում ուսումը շարունակել ցանկացող սփյուռքահայերին տեղեկացված լինել և կողմնորոշվել:
-Պարո՛ն Հովհաննիսյան, խնդրահարույց էր ՀՀ սփյուռքի և կրթության և գիտության նախարարությունների կողմից իրականացվող Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման հարցը: Ինչպե՞ս հանգուցալուծվեց այն:
-Այս տարի ավարտին կհասցվի նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում» և ՀՀ Կրթության և գիտության նախարարության Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի դասընթացների միավորման գործընթացը:
Երկու գերատեսչություններն էլ գիտակցում են պետական ծրագրի կարևորությունը, որն էլ ենթադրում է՝ համատեղ ջանքերով ձևավորված կառուցողական մթնոլորտում արդյունավետ գործակցություն:Ամենայն հավանականությամբ այս երկու ծրագրերը կմիավորվեն:
Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի