Մեկ շաբաթից Սիրիայում զինադադար կհաստատվի

Սիրիայում զինադադարը պետք է հաստատվի մեկ շաբաթվա ընթացքում, իսկ քաղաքական կարգավորման մասին ներսիրիական բանակցությունները կարող են մեկնարկել մինչեւ հաջորդ շաբաթվա վերջ: Այս մասին գրում է Mediamax.am-ը:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, որոշումն ընդունվել է Մյունխենում տեղի ունեցած Սիրիայի միջազգային աջակցման խմբի անդամ պետությունների հանդիպմանը:
Երկու տասնյակ պետությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները սեղանի շուրջ անցկացրել են շուրջ 5 ժամ՝ նախատեսվածից գրեթե երկու անգամ ավելի:
Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իրաքի, Իրանի, Հորդանանի, Կատարի, Լիբանանի, Օմանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, ինչպես նաեւ Եվրամիության, ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները:
«Մենք պայմանավորվել ենք դադարեցնել կրակը առաջիկա շաբաթվա ընթացքում: Շատ կարեւոր է վերջ դնել բռնությանն ու արյունահեղությանը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Նրա խոսքով՝ ձեռք բերված պայմանավորվածությունը «վերաբերում է Սիրիայում գործող բոլոր կողմերին, բացի ISIS ու «Ջաբհաթ Ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպություններից, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հայտարարված ցանկացած այլ ահաբեկչական կազմակերպությունից»:
Ինչպես լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Ռուսաստանն ու Իրանը պետք է ճնշում գործադրեն Սիրիայի իշխանության վրա, զինադադար կնքելու համար:
«Այժմ խոսքն այն մասին է, որ Մոսկվան ու Թեհրանը ստիպեն Ասադի ռեժիմին դադարեցնել կրակը: Դա վերաբերում է, մյուս կողմից, սիրիական ընդդիմության բազմաթիվ միավորումներին, որոնք պետք է դադարեցնեն մարտական գործողությունները», – հայտարարել է նախարարը:
Հրադադարի գործնական իրականացման նպատակով որոշվել է ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծել աշխատանքային խումբ, որի համանախագահները կլինեն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով` զինվորականներից ու դիվանագետներից կազմված խմբի մանդատը ներառելու է նաեւ ահաբեկիչների կողմից զբաղեցրած տարածքների սահմանումը:
Զինադադարը կլինի առաջին քայլը ներսիրիական բանակցությունների մեկնարկի ուղղությամբ, ընդգծել է Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով` կարեւոր է թույլ չտալ նախկին բացասական փորձի կրկնությունը. «բանակցությունները պետք է վերսկսվեն, որքան հնարավոր է շուտ, առանց վերջնագրերի ու նախապայմանների»: