Ատոմ Մխիթարյան. «Հնդկաստանում 11 հայկական եկեղեցիները պահակ ունեն, բայց այցելուներ չունեն»

ՀՀ Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը մասնակցել է ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող «Քաղաքացիների ուսուցում` գլոբալ դեմոկրատիայի համար» թեմայով միջազգային սեմինարին, որը տեղի է ունեցել օրերս Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում: «Հայերն Այսօր»-ի թղթակցի հետ զրույցում պարոն Մխիթարյանը ներկայացրեց Հնդկաստանի հայ համայնք դրությունն այսօր։

– Եղա՞ք Հնդկաստանում Հայաստանի դեսպանատանը եւ ի՞նչ տպավորություն ստեղծվեց։

– Դելիում գտնվելուս առիթը օգտագործելով` եղա մեր դեսպանատանը, որի եռահարկ շենքը կառուցել ու նվիրել է Հայաստանի Հանրապետությանը տեղի հայ համայնքը։ Շենքի առաջին եւ երկրորդ հարկերը աշխատանքային են, իսկ երրորդ հարկը հյուրանոցային հնարավորություններ ունի՝ նախատեսված հայաստանյան պատվիրակությունների համար։ Ասեմ նաեւ, որ ի տարբերություն մեզ, հարեւան երկրների դեսպանությունները տեղակայված են Դելիի տարբեր փողոցներում վարձված սենյակներում։ Հայաստանի դեսպանատան աշխատակիցները երեքն են, որոնցից մեկն աշխատում է կես դրույքով։ Դեսպանից, հյուպատոսից եւ գործավարից բացի, աշխատում է եւս մի հոգի՝ ազգությամբ հնդիկ, ում խնդիրը դեսպանատան PR-ն իրականացնելն է։

– Դեսպանատան հայ համայնքի կողմից կառուցված լինելը կարելի՞ է ընդունել որպես համայնքի ամրության, զորության փաստում։

– Հնդկաստանի հայ համայնքը շատ փոքրաթիվ է, ընդամենը` 150 մարդ եւ հնդիկների հետ ընտանիք կազմած 100-ին մոտ հայ կանայք։ Ի դեպ, այդ խառն ամուսնությունները ձեւավորվել են հենց Հայաստանում՝ տարբեր ԲՈՒՀ-երում սովորել են, հետո ամուսնացել հայ աղջիկների հետ ու գնացել Հնդկաստան։ Բնականաբար այդ ընտանիքները Հնդկաստանի ամենատարբեր քաղաքներում են հաստատվել։ Իսկ պետականորեն ձեւավորված հայ համայնքը, որ կենտրոնացած է Կալկաթայում, ունի Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո գործող հոգեւոր ճեմարան, որտեղ վերջին տարիներին ուսանում են հայ երիտասարդներ ոչ միայն Հնդկաստանից, այլեւ Իրանից, Իրաքից, Հայաստանից։ Դա հավելյալ դժվարություն չի համայնքի համար, քանի որ նախկինից համայնքի ամբողջ ժառանգությունը մնացել է, որի տնօրինումը, սակայն, հնարավոր է միայն Հնդկաստանում, ինչն էլ նկատի առնելով` համայնքը ճեմարանում սովորելու հնարավորություն է ընձեռել ցանկացած երկրում բնակվող հայ երիտասարդներին։ Ի դեպ, Կալկաթայի հոգեւոր ճեմարանի ռեգբիի թիմը մեծ համբավ ունի եւ եղել է Հնդկաստանի չեմպիոն, ինչը առավել ճանաչված է դարձրել հայերին այդ երկրում։

– Հնդկաստանի հայ համայնքը, որ ապրել է հարուստ կյանքով, նույնչափ եւ հարուստ հոգեւոր կյանք է ունեցել։ Այսօր Հնդկաստանում քանի՞ հայկական եկեղեցի կա եւ ի՞նչ կարգավիճակում։

– Ամբողջ Հնդկաստանում 11 հայկական եկեղեցի կա, որոնցից յոթը վերանորոգված են համայնքի միջոցներով, սակայն այցելուներ չունեն. համայնքը փոքրաքանակ է։ Ասեմ նաեւ, որ բոլոր հայկական եկեղեցիները Հնդկաստանում պահակ ունեն եւ ապահով վիճակում են։

– Հնդկաստանի հայ համայնքի հետ ՀՀ սփյուռքի նախարարության կապը որքա՞ն ամուր է։

– Այցիս ընթացքին դեսպանատուն հանձնեցի նախարարության հրատարակած գրականություն, քանի որ դեսպանատան եւ համայնքի գործունեությունը բավականին շաղկապված է։ Նրանց իրականցրած համատեղ միջոցառումները քիչ չեն, իսկ առաջիկայում՝ սեպտեմբերի 21-ին, կնշվի Հայաստանի անկախությունը այլ երկրների դեսպանների մասնակցությամբ։ Ինչ մնում է համայնք-նախարարություն գործակցությանը, ապա կարող եմ ասել, որ այն առավել ակտիվ կլինի նաեւ նախարարության կայքի շնորհիվ, որը հնարավորություն է ընձեռում անմիջականորեն տեղեկանալու եւ կապ պահելու։ Այդ հնարավորությունն օգտագործելով` կկարողանանք ներկայացնել գործող ծրագրերն ու դրանց մեր հայրենակիցների մասնակցությունն ապահովել։

Բացի այդ, զրուցել ենք նաեւ Հնկաստանի հայ համայնքը հարեւան երկրներում բնակվող հայության համար կենտրոնատեղի դարձնելու հնարավորության մասին՝ նկատի ունենալով նաեւ համայնքի միջոցները։

Scroll Up