Փետրվարը Մոսկվայի հայորդյաց տանը հայտարարվեց Մայրենիի միամսյակ

Փետրվարը Մոսկվայի «Հայորդյաց տանը» հայտարարված է Մայրենիի միամսյակ, որի շրջանակներում կկայանան համադպրոցական և դասարանական միջոցառումներ, կանցկացվի մայրենիին նվիրված բանաստեղծությունների և շարադրությունների մրցույթ։ Այս մասին «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ`  փետրվարի 7-ին հայտարարելով միամսյակի բացման մասին՝ ասաց հայոց լեզվի ուսուցչուհի Սվետլանա Միքայելյանը։ 

Կրթօջախում փետրվարը Մայրենիի միամսյակ հայտարարելն արդեն ավանդույթ է դարձել։ Ամիսը պատահական չէ ընտրված․ 2000 թ․-ի փետրվարի 21-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդ օրը հռչակվել է Մայրենիի միջազգային օր։

Սաներին ողջունելուց, հայոց տառերի ստեղծման և նշանակության մասին պատմելուց հետո Սվետլանա Միքայելյանը ներկայացրեց ասույթներ հայոց լեզվի մասին, ապա սաներին ցուցադրվեց Օշականի և Մեսրոպ Մաշտոցի մասին պատմող ֆիլմ։

«Հայոց տառերը սրի և վահանի պես պահպանել են հայ ժողովրդին ոչնչացումից ու ձուլումից։ Այսօր այդ խնդիրը նաև ձեր առջև է ծառացել։ Հենց այդ կործանումը թույլ չտալու համար է շուրջ տասը տարի գործում «Հայորդյաց տունը»։ Պատմությունից ձեզ հայտնի է, որ հայ հոգևարականը հայ գրի առաջին պահապանն է եղել։ Այսօր էլ մայրենին օտար հողում պահպանելու առաքելությունն իր վրա  է կրում մեր ՀԱԵ Սուրբեկեղեցին։ Նա նեցուկ և ապավեն է, որպեսզի հայ զավակը հայ մեծանա և հաղորդակից լինի նախնիների լեզվին ու պատմությանը»,- ֆիլմի ցուցադրությունից հետո ասաց Սվետլանա Միքայելյանը։

Միամսյակի շրջանակներում յուրաքանչյուր կիրակի ծրագրված է անցկացնել բաց-դասեր, վիկտորինաներ, հայոց լեզվին նվիրված միջոցառումներ։ Իսկ սաների՝ մայրենիին նվիրված լավագույն ստեղծագործությունները կտպագրվեն։

Scroll Up