«Բարեւ Հայաստան». սիրիահայ Գրիգորը Երեւանում գտավ երկրորդ կյանք ու ապրելու իմաստ

Առաջինը, որ Չաթալբաշյանների ընտանիքը հայտնաբերեց Երեւանում այն էր, որ այստեղ չեն քնում արկերի դղրդյունի տակ եւ երեկոյան չեն սարսափում մտքից, որ առավոտյան գուցե չզարթնեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում, Գրիգորը պատմում է, որ սկզբում տան լռությունն անսովոր էր. վերջին երեք տարիներին արկերի պայթյուններն ու մարդկանց աղաղակները, ընդհանուր լարվածությունն այնքան սովորական էր դարձել, որ երեւանյան հանգստությունը տարօրինակ էր թվում: Այս ընթացքում արդեն սովորել են երեւանյան հանգստությանը. տանն ամենամեծ աղմուկը բարձրացնում է ընտանիքի գլխավորը` Սելան, ով ծնվել է Երեւանում եւ այդ կերպ երկրորդ կյանք ու ապրելու իմաստ տվել ծնողներին ու երկու պապիկներին: «Երեւանում իմացանք, որ կինս հղի է: Դա այսքան դժբախտություններից ու կորուստներից հետո մեզ ապրելու իմաստ տվեց: Աստծո կարգադրությունն էր››,- ասում է Գրիգորն ու հավելում, որ դստեր անվան ընտրության հարցում երկար չեն մտածել ու ընտրել են աստվածաշնչյան անվանում: «Սուրբ գրքում այս անունը շատ հաճախ է հիշատակվում` նշանակում է «աստծո ներկայացուցիչը»: Եվ մենք որոշեցինք, որ մեր դուստրն աստծո ներկայացուցիչն է մեր տանը»- ասում է Գրիգորը:

Արդեն քսան տարի վարսավիրությամբ զբաղվող Գրիգորը Երեւանում էլ գումար վաստակում է մկրատի ու սանրի օգնությամբ: Շաբաթական 10-12 պատվեր է ստանում. հենց հաճախորդների տանն էլ աշխատում է. ասում է պայմաններն այդքան էլ էական չեն, իսկական պրոֆեսիոնալի համար ամենակարեւորը վարժ ձեռքը, աչքն ու ճաշակն է: Իրեն հաճախորդները սիրում են ոչ միայն թվարկված երեք հատկանիշներն ունենալու համար, այլ որովհետեւ միշտ կարողանում է հաճախորդի հետ համաձայնության գալ: Գրիգորի խոսքերով` Երեւանում հաճույքով է աշխատում: Իհարկե, ի տարբերություն Հալեպի, այստեղ պատվերներն էականորեն քիչ են, վարձատրությունն էլ նույնը չէ, բայց այստեղի կանայք ավելի ճաշակով եւ նորաձեւ են: «Արաբ կանայք այլ ճաշակ ունենք: Նրանց մոտ գերիշխում է արեւելյան ոճը: Բոլորը նույն սանրվածքն են ընտրում: Հայ կանայք այլ են: Նրանք ավելի եվրոպական պահանջներ ունեն, եվրոպական ճաշակ, սանրվածքների ընտրության մեջ էլ տարբեր են, նույնատիպ կտրվածքներ չեն ընտրում եւ միշտ ցանկանում են լինել յուրահատուկ»,- ասում է Գրիգորն ու հավելում իրեն միշտ հաճելի է կանանց գեղեցկություն եւ ժպիտ պարգեւելը: «Ամեն անգամ, երբ աշխատանքս ավարտում եմ, նայում եմ պատվիրատուի դեմքին: Եթե նա ժպտում է` նշանակում է գործս անթերի եմ կատարել: Նեղվում եմ, երբ հաճախորդը դժգոհ է լինում»,- ասում է նա: Պրոֆեսիոնալ վարսավիրների հարցում Գրիգորը սեռական խտրականություն է դնում: Նա հավաստիացնում է, որ աշխարհի լավագույն վարսավիրները տղամարդիկ են. պատճառը, ոչ ավել, ոչ պակաս, կանացի խանդի եւ նախանձի բացակայությունն է: Գրիգորը հավաստիացնում է, որ այս «ճշմարտությանն» ինքը ականատես է եղել աշխատանքի քսանամյա պրակտիկայի ընթացքում: «Տղամարդ վարսավիրները ցանկանում են, որ կանաք ավելի գեղեցիկ, ավելի խնամված լինեն: Տղամարդ վարսավիրն ամեն ջանք գործադրում է, որ կնոջ սանրվածքը գեղեցիկ լինի, կտրվածքը` յուրահատուկ: Կանանց մոտ միշտ էլ այդ նախանձը կա. հաճախ մասնագիտականը խառնվում է կանացի զգացմունքների հետ եւ չեն ցանկանում, որ հաճախորդ կինն իրենցից գեղեցիկ լինի»,- ասում է նա: Գրիգորն ու Դալարը խոստովանում են, որ այժմ իրենց կյանքի գլխավոր նպատակը փոքրիկ Սելային գեղեցիկ եւ ապահով մանկություն ապահովելն է: Նրանց գնահատմամբ, այստեղ երեխայի խնամքի առումով արտոնություններն ավելի շատ են, բուժօգնության մակարդակն էլ բարձր է: Հիմա գլխավոր խնդիրը շատ գումար վաստակելն է, որ փոքրիկը որեւէ կարիք չունենա:

Թեպետ Հալեպը կարոտում են, բայց վերադարձի մասին չեն մտածում: Գրիգորն ասում է, որ Հալեպ կվերադառնա պատերազմի ավարտից հետո, որպեսզի տուն այցելի, վաճառի եւ վերադառնա Երեւան: Ըստ նրա, վերադարձի պատճառները երկուսն են. Երեւանում անվտանգ է եւ ապահով, բացի այդ դստեր ծննդականում նշված է` ՀՀ քաղաքացի:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Scroll Up