Հայ դատը խոշորացույցի տակ է առել ԱՄՆ նախագահի թեկնածուների հայամետ և հակահայկական գործունեությունը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ առանձնացրել է թեկնածուների գործունեության ընթացքում հայկական թեմատիկային առնչվող ելույթները կամ գործողությունները: «Արմենպրես»-ն առանձնացրել է նրանցից մի քանիսի մասին տվյալները:
ԱՄՆ հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը` դեմոկրատ գործիչ Հիլարի Քլինթոնին առնչվող հիշատակումներում նշվում է, թե ինչպես է նա 2005 և 2006 թվականների ապրիլին ստորագրել այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշին ուղղված նամակի տակ` հորդորելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
107-րդ (20012002) և 108-րդ (20032004) գումարման Կոնգրեսում նա համահովանավորն էր այն բանաձևի, որով վերահաստատվում էր աջակցությունը Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման կոնվենցիային: 109րդ (20052006) և 110րդ (20072008) գումարման նստաշրջանում համահովանավորն էր բանաձևի, որով կոչ էր արվում նախագահին վստահեցնել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արտացոլում է համապատասխան հասկացողություն և զգայունություն այն հարցերի հետ կապված, որոնք առնչվում են մարդու իրավունքներին, էթնիկ զտմանը և ցեղասպանությանը, որն ամրագրված է ԱՄՆ զեկույցներում` կապված Հայոց ցեղասպանության հետ: Որպես պետքարտուղար` 2009 թվականին նա գլխավորել է ԱՄՆ պատվիրակությունը ձախողված հայթուրքական արձանագրությունների ժամանակ: Ավելի ուշ` 2014 թվականին, նա այդ արձանագրությունների մասին հուշերը հրապարակեց իր Hard Choices («Բարդ ընտրություն») գրքում: 2010 թվականին կրկին որպես պետքարտուղար նա Երևանում այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր` նշելով, որ դա անում է միայն «անձնական որոշմամբ»:
2012 թվականի հունվարին ԱՄՆ պետքարտուղարության անձնակազմի հետ հանդիպմանը Քլինթոնը Հայոց ցեղասպանությանն անդրադարձավ որպես «պատմական բանավեճի» առարկա: Այս հայտարարության համար Կոնգրեսի շուրջ 60 անդամներ 2012 թվականի փետրվարին դատապարտեցին նրան: ԱՄՆ 45րդ նախագահի պաշտոնի մյուս թեկնածուի` հանրապետական Դոնալդ Թրամփի` հայկական թեմատիկայով որևէ հայտարարություն Հայ դատի հանձնախումբը չի արձանագրել: Այդուհանդերձ հայտնի է, որ Թրամփի կորպորացիան գործարքներ է իրականացնում ադրբեջանցի օլիգարխների հետ, ովքեր հակահայկական լոբբիստական գործունեություն են իրականացնում: Հանրապետական Ջեբ Բուշը, ով ևս թեկնածուների շարքում է, Հայաստանում 1988 թվականի երկրաշարժից հետո հոր` ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշի հետ նույն տարում` դեկտոմբերի 24-ին այցելել է Հայաստան` հումանիտար օգնություն տրամադրելով բժշկական միջոցների, հագուստի և խաղալիքների տեսքով:
Ընդ որում, հումանիտար այդ օգնությունն առաջինն էր, որ ԱՄՆ-ը տրամադրում էր Խորհրդային Միությանը: Որպես ԱՄՆ Ֆլորիդա նահանգի նահանգապետ` 2006 թվականի ապրիլի 7-ին նա Հայոց ցեղասպանության առնչությամբ հայտարարություն հրապարակեց: 2013 թվականին նա ստացել է Հայ առաքելական եկեղեցու Արևելյան թեմի մրցանակ:
Դեմոկրատ թեկնածու Բերնի Սանդերն ամենահայանպաստ թեկնածուների շարքում է: Նա 1995-2012 թվականների ընթացքում ԱՄՆ կոնգրեսում աջակցել է բազմաթիվ հայանպաստ և հակաթուրքական բանաձևերի և զեկույցների, ինչպես, օրինակ, Թուրքիայում քրիստոնեական ժառանգության և պահպանության ու բռնագրավված գույքի վերադարձման բանաձևին, ստորագրել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին ուղղված նամակի տակ` հորդորելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քվեարկել այն բանաձևերի օգտին, որոնոցով կոչ է արվում դադարեցնել ֆինանասական աջակցությունը Թուրքիային և Ադրբեջանին և այլն: Հանրապետական մյուս թեկնածու Քրիս Քրիստիի վերաբերյալ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը չունի որևէ հիշատակում հայանպաստ գործունեության առնչությամբ: Փոխարենը հայտնի է, որ նա 2012 թվականին հրապարակել է նամակ Խոջալուի այսպես կոչված «կոտորածների» տարելիցի կապակցությամբ:
Հանրապետական Թեդ Քրուզը 2015 թվականի ապրիլի 27ին համահովանավորել է Հայոց ցեղասպանության մասին կոնգրեսականներ Ռոբերտ Մենենդեսի, Մարկ Քիրքի, Բարբարա Բոքսերի և Քորի Գարդների ներկայացրած բանաձը, որն այս պահին ունի 21 համահովանավոր: Իսկ 2015-ի ապրիլի 18-ին նա Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն է տարածել:
ԱՄՆ նախագահների մյուս թեկնածուների գործունեությանը կարելի է ծանոթանալ այստեղ: