ԵԽԽՎ­-ում հակահայ օրինագծերին կողմ քվեարկելը կլինի ոչ ճիշտ դիրքորոշում բարեկամ Հայաստանի նկատմամբ

Ֆրանսիայի կառավարությունը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ֆրանսիացի պատգամավորներին ներկայացրել է ԵԽԽՎ-­ում հակահայկական երկու օրինագծերի հետ կապված իր դիրքորոշումը` նշելով, որ դրանց կողմ քվեարկելու որոշումը կլինի որդեգրած ոչ ճիշտ դիրքորոշում` բարեկամ Հայաստանի նկատմամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը` այդ մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարին առընթեր Զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով Պետքարտուղար Աննիկ Ժիրարդենը:

«ԵԽԽՎ­-ում ներգրավված են մի շարք երկրներ: Ֆրանսիան չի կարող ներգրավվել նրանց գործերին: Մեր երկիրը ներկայացված է այդ կառույցում և մենք ֆրանսիացի պատգամավորներին ասել ենք, որ այդ օրինագծերի ընդունումը կլինի ոչ ճիշտ դիրքորոշում բարեկամ Հայաստանի նկատմամբ»,­ ասաց տիկին ժիրարդենը` խորհուրդ տալով սպասել ԵԽԽՎ-­ում քննարկումների ավարտին:

«Խոսքս ցանկանում եմ ավարտել այսպես. կեցցե՜ հայ­ֆրանսիական բարեկամությունը»,­ ասաց պետքարտուղարը:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կմեկնարկի հունվարի 25-­ից: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է երկու հակահայկական զեկույց: Զեկույցներից մեկը, որի հեղինակն է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը կրում է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» անվանումը:

Երկրորդ զեկույցը վերաբերում է Սարսանգի ջրամբարին և կրում է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» խորագիրը: Զեկույցի հեղինակը բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է: Հակահայկական բանաձևերը քվեարկության կդրվեն հունվարի 26-­ին:

Scroll Up