Արցախում 2015 թվականին աճել է Ժողովրդական գործիքների և ժողվոկալի բաժին ընդունվածների թիվը

2015 թվականին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվել է 20 ծրագիր, որից` 11-ը՝ մշակութային, 9-ը` երիտասարդական, որոնց շրջանակներում իրականացվել է 400-ից ավելի միջոցառումներ: aparaj.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 20-ին 2015թ. գործունեությունն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Ն. Աղաբալյանը:

Նախարարը 2015թ. Արցախի մշակութային կյանքի առանցքային իրադարձություններից առանձնացրել է  Գանձասարի վանական համալիրի հարևանությամբ Մաշտոցի  անվան Մատենադարանի՝ «Գանձասար» գիտամշակութային կենտրոնի բացումը, Լիբանանահայ  արվեստագետ  և հավաքորդ Հարություն Թորոսյանի՝ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանին հայկական դրամների բացառիկ հավաքածուի նվիրաբերումը՝ բաղկացած Տիգրան Մեծի, Արտավազդ Երկրորդի և Կիլիկյան թագավորության ժամանակաշրջանների մետաղադրամների և թղթադրամների  168 նմուշներից, տարբեր նվիրատուների կողմից տարվա ընթացքում Շուշիի կերպարվեստի, երկրաբանության, պատմության  պետական թանգարանների մշտական  ֆոնդերի համալրումները եւ այլն:

2015 թվականի միջոցառումներից նախարարն առանձնացրել է մշակութային ինքնությանն ու ազգային ավանդույթների վերականգնմանն ուղղված, մասնավորապես՝ ազգագրական պարերի տարածման,  ազգային պարերի  ուսուցման խրախուսման միջոցառումները:  Արցախում առաջին անգամ կազմակերպվել և ԼՂՀ դպրոցների միջև անց է կացվել «Ազգային պար» մրցույթ-օլիմպիադա, որին մասնակցել են մայրաքաղաքի 6 և ԼՂՀ շրջանների 17 թիմեր` 300-ից ավելի պարողներով:

2015 թվականն առանձնացել է նաև երկու աննախադեպ ծրագրերով, որոնք հնարավորություն են տվել ընդլայնել պետական համագործակցությունը և նոր կապեր հաստատել մեր բարեկամ երկրների հետ, այդ թվում և՝ մշակույթի միջոցով: Դրանք են՝ «Ֆրանսիական օրերն Արցախում» և «Արցախի օրերը Մոսկվայում»:

Արտերկրից ժամանած անհատ կատարողների և մշակութային խմբերի, հայ և օտարերկրացի արվեստագետների մասնակցությամբ տասնյակ միջոցառումներ են  կազմակերպվել Արցախում:

Հաշվետու ժամանակաշրջանում նախարարությունն ապահովել է արցախցի արվեստագետների մասնակցությունը միջազգային և հայաստանյան մի շարք մրցույթների՝ արձանագրելով հաջողություններ այդ հարթակներում:

Կրթական ոլորտում կատարված բարեփոխումների արդյունքում 2014-2015թթ. ընթացքում ԼՂՀ տարբեր արվեստի դպրոցներում և նրանց մասնաճյուղերում բացվել են 64 նոր դասարաններ, որից 30-ը բացվել է 2015թ.: Ընդ որում՝ նոր դասարաններ են բացվել ոչ միայն գործող դպրոցներում և մասնաճյուղերում, այլև նոր համայնքներում՝ Շոշ, Խնածախ, Ազոխ, Գիշի, Թաղավարդ համայնքներում և Աջափնյակում: ԼՂՀ-ում գործող 13 արվեստի  ու երաժշտական դպրոցներում և նրանց 26 մասնաճյուղերում 2015թ. մայիսի 1-ի համեմատ աշակերտների թիվն աճել է 688-ով, դասատուներինը՝ 24-ով: Շրջաններում արվեստի դպրոցների բացման արդյունքում ավելացել է նաև Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան քոլեջ շրջաններից ընդունվողների թիվը: 2014-15 ուսումնական տարում քոլեջ ընդունված 28 ուսանողներից 17-ը շրջաններից են, 1-ը՝ Ջավախքից, ընդ որում, մեծ մասը՝ ժողովրդական գործիքների  և ժողվոկալի բաժին: Նախարարն ընդգծեց նաեւ, որ աշխատանքների շնորհիվ վերացել է նախկինում առկա այն կարծրատիպը, որ ժողովրդական գործիք նվագելը ժամանակակից չէ. հակառակը՝ այժմ ժողգործիքների և ժողվոկալի հաճախելու մտում է նկատվում:

Scroll Up