Բաքվի ջարդերի զոհերի հիշատակի արարողություններին Պետերբուրգում մասնակցել են նաեւ վերապրածներ (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգի սուրբ Կատարինե եկեղեցում հոգեհանգստյան պաշտոն կատարվեց 26 տարի առաջ, հունվարի 13-ին Բաքվում ջարդարարների ամբոխի զոհը դարձածների հիշատակին: Այնուհետեւ ներկաներին դիմեց Հյուսիս Արեւմտյան տարածաշրջանի հայոց համայնքի հոգեւոր հովիվ տեր Պողոս աբեղա Վարդանյանը: «Մարդիկ կարող են մարմինը սպանել, բայց հոգին երբեք չի մեռնում, եւ մենք, որպես ազգ, այդ անմահ հոգիների հետեւորդն ենք, բավ է այլեւս ցավ, բավ է այլեւս անհավատություն, բավ է այլեւս սպանություն, չարիք, մենք Աստծո հետեւորդն ենք, մենք քրիստոնյա ենք»,-  Երկիրմեդիայի փոխանցմամբ՝ ասաց Տեր Պողոս աբեղա Վարդանյանը։

Հայ համայնքի ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ: «Վերնատուն» մշակութային կենտրոնում եկեղեցու «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության անդամները ներկայացրեցին Բաքվի հայ համայնքի պատմությունը:   Ելույթներով հանդես եկան Հյուսիս Արեւմտյան տարածաշրջանի հայոց համայնքի հոգեւոր հովիվն ու ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայկ Չիլինգարյանը, որն ընդգծեց, որը Բաքվի ջարդերը պատմությունից, մասնավորապես 1915թ-ի Հայոց Ցեղասպանությունից դասեր չքաղելու հետեւանք էին: Ներկաները դիտեցին «Սովորական ցեղասպանություն. 1990թ-ի հունվար» վավերագրական ֆիլմը:

Կատաղած խուժանի ճանկերից հրաշքով փրկվածներից ոմանք հանգրվանել են նաեւ Սանկտ Պետերբուրգում: Նրանցից մեկն ԱՊՀ երկրներից փախստական եւ տեղահանված երեխաների վերականգնման եւ սոցիալական պաշտպանության «Ծիծեռնակ» միջազգային կենտրոնի ղեկավար Ադելինա Մնացականովան է: «Ղեկավարում էի Բաքվի լավագույն մանկապարտեզներից մեկը, եւ ինձ ներառել էին մահվան դատապարտվածների ցանկի մեջ: Ամենածանր հիշողություններս արթնանում են այս օրը, որովհետեւ ընկերներիցս շատերը զոհվեցին: Սպանվեց ընկերուհիս՝ ընտանիքի հետ: Աստծո կամոք ես փրկվեցի: Երբ հասա Մոսկվա եւ իջա ինքնաթիռից, առաջին միտքս էր՝ մի՞թե ողջ եմ»,- պատմեց ականատեսը։   Մանրամասները՝ տեսանյութում.

Scroll Up