Հայկական պատվիրակությունը պատրաստ է ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցներին հակահարված տալ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունը ունի հստակ ռազմավարություն և հնարավորինս պատրաստվել է առաջիկա ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցներին հակահարված տալուն:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը: «Մենք մշակել ենք և ունենք հստակ մարտավարություն, սակայն ներկա պահին չեմ կարող հրապարակել մեր քայլերը: Դա սխալ կլինի: Ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք դրական արդյունքի հասնել»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում երկու հակահայկական բանաձևերին դեմ կազմակերպված ինտերնետային ստորագրահավաքին, որը կազմակերպել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակը՝ Նաիրա Կարապետյանը նշեց, որ նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության անդամները բարձրաձայնելու են դրա արդյունքների մասին: «Ես վստահ եմ, որ մինչև հունվարի 25-ը, երբ կմեկնարկի ձմեռային նստաշրջանը, այդ ստորագրահավաքին շատ մարդիկ միացած կլինեն: Դա կգա ապացուցելու այն հանգամանքը, որ մենք պատվիրակված ենք խոսելու ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ ողջ հայության անունից: Դա պետք է, որ դրական արդյունք տա»,- հավելեց Նաիրա Կարապետյանը:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կմեկնարկի հունվարի 25-ից: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է երկու հակահայկական զեկույց: Զեկույցներից մեկը, որի հեղինակն է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը կրում է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» անվանումը: Երկրորդ զեկույցը վերաբերում է Սարսանգի ջրամբարին և կրում է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» խորագիրը: Զեկույցի հեղինակը բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է:

Հայ դատի Եվրոպայի գրասենյակի կազմակերպված ստորագրահավաքին արդեն միացել է 1012 մարդ:

Scroll Up