Ֆրանսահայ մանկագրի ստեղծած «Քոթոթ» հրատարակչությունը արևմտահայերեն մանկական գրականություն է հրատարակում փոքրիկների համար

Մանկագիր, երկու գրքերի հեղինակ Հասմիկ Շահինյանը կարևորում է լավ մանկապատանեկան գրականության առկայությունը: Ֆրանսիայի Ազգային գրադարանի մանկական գրականության բաժնի աշխատակից գրողը փաստում է` ֆրանսիական մանկապատանեկան գրականության մակարդակը շատ բարձր է:

«Փոքր տարիքից գրելու ցանկություն եմ ունեցել, բայց չեմ մտածել, որ փոքրերի համար գրող պիտի լինեմ: Երբ փոքր էի, Լիբանանում էի ապրում, հայկական դպրոց էի գնում, հայերեն գրքեր էի փնտրում, բայց չէի գտնում նրանք, որոնք ինձ կհետաքրքրեին: Դրա համար ավելի շատ ֆրանսերեն էի կարդում: Երբ ավելի մեծացա, համալսարանում սկսեցի մասնագիտանալ մանկավարժության և մանկապատանեկան գրականության մեջ, և երբ պիտի ատենախոսությունս գրեի, որոշեցի մանկապատանեկան գրականության վրա աշխատել: Լիբանանում, Թուրքիայում, Ֆրանսիայում 10-­12 տարեկան փոքրիկների հետ հարցախույզ արեցի, որպեսզի տեսնեմ, թե ինչ գրքեր կցանկանան կարդալ, ինչ հերոսներ կցանկանան տեսնել: Պարզվեց, որ փոքրիկներն էլ իրենց ցանկացած գրքերը չէին գտնում»,­«Արմենպրես»­-ի հետ զրույցում նշեց Հասմիկ Շահինյանը:

Մանկագրի խոսքով` հենց դրանից հետո իր մոտ գրքեր գրելու գաղափար առաջացավ: «Աշխատում էի Ֆրանսիայի ազգային գրադարանում` մանկապատանեկան գրականության բաժնում, տեսնում էի այն բոլոր գրքերը, որ ֆրանսերեն տպագրվում էին փոքրիկների համար և ասում`ինչո՞ւ մեր հայ պստիկները նման գրքեր չունենան: Փորձեցի հրատարակիչներ գտնել, բայց ընդհանրապես հետարքրքրված չէին մանկական գրականությամբ, ասում էին, որ չի վաճառվում: Մի օր էլ որոշեցի ստեղծել «Քոթոթ» հրատարակչությունը»,­-շեշտեց նա:

2012-­ին ստեղծվեց հետաքրքիր անվանում ունեցող նոր հրատարակչությունը, որն իր առջև նպատակ դրեց արևմտահայերեն գունազարդ հեքիաթներ ու պատմություններ նվիրել փոքրիկներին: «Քոթոթ» բառը հեշտ է արտաբերել զանազան լեզուներով: Մեկ այլ բացատրություն էլ կա` հայրս իմ հորաքրոջս աղջկան քոթոթ էր ասում փաղաքշական ձևով: 2012 թվականին առաջին գիրքը լույս տեսավ` «Նշանս»:

Իմ անձնական միջոցներով եմ տպագրել, ուզում էի անկախ լինել, չէի ուզում, որ մեկն ինձ գումար տա և ասի, թե ինչ տեսակի գրքեր է ուզում տեսնել: Ուզում էի իմ երազած գրքերը ստեղծել, մի քիչ խենթ բան է»,­փաստում է մանկագիրը: Առաջին գիրքը, որի համար նկարազարդումներ է կատարել Ալիկ Արզումանյանը, ծննդյան նշան ունեցող տղայի մասին է: «Ես էլ ծննդյան նշան ունեմ ոտքիս վրա. շատ անձնական պատմություն է: Նշանն իր ձևով խորհրդանշում է ընդհանուր տարբերությունը:

«Այն օրը, երբ.. »­-ը երկրորդ գիրքն է, որը ներառում է ութ պատմություն, նկարազարդումներն արել է իսպանացի Դավիթ Փինթորը, որի գործերին ծանոթացել եմ միջազգային ցուցահանդեսում: Գիրքն արդեն միայնակ կարդացող փոքրիկի համար է»,­փաստում է Հասմիկ Շահինյանը` շեշտելով, որ պատմությունները թեև կարճ են, բայց` հետաքրքիր: Հեղինակն ընդգծում է, որ վերջին գրքի շնորհանդեսը երեխաները խանդավառությամբ են ընդունել, դրական արձագանքներ են հնչել, և փոքրիկ ընթերցողները շարունակություն են պահանջել, ուստի որոշել է մեկ այլ գիրք հրատարակել` կրկին 8 պատմությունով: Հասմիկ Շահինյանը հույս ունի, որ այն լույս կտեսնի 2016-­ին: «Նշանս» գիրքը, որը գրված է արևմտահայերեն, պետք է արևելահայերեն էլ թարգմանվի, 2016-­ին այն կտեսնենք: Բացի այդ, վերջերս պայմանագիր է կնքվել, որ իտալերեն տպագրվի»,-շեշտեց նա:

Մանկագիրը նաև մտածում է Երևանում գրքերը հանրությանը հասանելի դարձնելու մասին:

Scroll Up