Ցեղասպանություն վերապրած 2 մարդու «ճանապարհորդությունը դեպի անցյալ». կորցրած տան պատմությունը

Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց կինոպրոդյուսեր Դիանա Մարկոսյանը գտել է այդ սարսափելի ողբերգությունը վերապրած 2 մարդու, որոնք միասին որոշել են ճանապարհորդություն կատարել դեպի անցյալ, գրում է news.am-ը:
Դիանա Մարկոսյանը ծնվել է Մոսկվայում եւ մեծացել ԱՄՆ-ում: «Իմ կյանքում մեծամասամբ ես պայքարել եմ իմ հայ ինքնության համար, մասամբ պատմության պատճառով, որը ես ուսումնասիրում էի: Դա այն է, ինչ ես հասկանում էի, բայց երբեք ամբողջովին չէի ընկալում»,- պատմել է նա:
Մեկ տարի առաջ, երբ ես այցելեցի Հայաստան, մի կազմակերպության ներկայացուցիներն ինձ խնդրեցին օգնել գտնել Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց: Այդպես ես հանդիպեցի Մովսեսին եւ Եպրաքսիային, որոնք անցյալում են թողել իրենց կյանքի 100 տարիները»,- ասել է կինոպրոդյուսերը, հայտնում է Channel 4-ը:
Երբ Դիանան հանդիպեց նրանց, Մովսեսն ու Եպրաքսիան պատմեցին իրենց լքված տների մասին հուշերը: Մովսեսը ծնվել է Մուսա լեռան Քեբուսիե գյուղում՝ Սիրիայի սահմանից ոչ հեռու: Եպրաքսիան ապրում էր Հայաստանին սահմանակից Կարս քաղաքի մոտակա գյուղում: Նրանք իրենց տները չէին տեսել այն բանից հետո, երբ մեկ դար առաջ լքել էին դրանք:
«Ես որոշեցի ինչ-որ կերպ վերամիավորել հայրենիքից բաժանված մարդկանց եւ մեկնեցի Թուրքիա, որպեսզի «նորից անցնեմ» նրանց վերջին հուշերի ճանապարհով: Երբ ես ասացի, որ գնալու եմ նրանց հայրենիք, նրանցից յուրաքանչյուրը ինձ խնդրեց կատարել մի ցանկություն: Մուսալեռցի Մովսեսը պատկերեց իր գյուղի քարտեզը եւ խնդրեց գտնել այնտեղ իր եկեղեցին եւ իր լուսանկարը թողել դրա փլատակների տակ:
Մովսես գյուղում ես գտա այն ամենը, ինչը նա նկարագրել էր՝ ոչխարներին, մրգերը, որոնք նա կերել էր ժամանակին, եւ ծովը: Ես գտա անգամ եկեղեցու փլատակները»,- պատմում է Դիանա Մարկոսյանը:
Եպրաքսիան խնդրել էր գտնել իր ավագ եղբորը, որին նա կորցրել էր 1915թ.-ից հետո:
«Վերադառնալով Հայաստան՝ ես վերստեղծեցի Ցեղասպանություն վերապրածների հայրենիքի քարտեզը: Այքան տարիներ անց, տեսնելով այդ նկարը, նրանք դեմքներին մոտեցրին դա, կարծես դրանով կարող էին վերադառնալ այն վայրը, որը տարիներ շարունակ հայրենիք էին կոչում: Դա նրանց տան, նրանց ունեցած ամեն ինչի պատմությունն է, որը կորցրել եւ գտել են նորից»,- եզրափակում է կինոպրոդյուսերը: