Հռոմի պապը Սուրբ ծնունդին հորդորել է վերադառնալ «անխախտ արժեքներին»

Ամբողջ աշխարհում միլիոնավոր քրիստոնյաներ՝ կաթոլիկներ, բողոքականներ եւ առանձին եկեղեցիների ուղղափառներ, նշում են քրիստոնեական գլխավոր տոներից մեկը՝ Քրիստոսի ծնունդը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որի համար սա արդեն երրորդ Սուրբ ծնունդն է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի պաշտոնում, որն այսօր շուրջ 1,2 մլրդ հետեւորդներ ունի, պատարագ է մատուցել Վատիկանում, տեղեկացնում Է BBC-ին:
Հովվապետը Սուրբծննդյան իր քարոզում հորդորել է բոլոր նրանց, ովքեր «հարբած են սպառման մոլուցքով եւ կուրացած արտաքին փայլից», հիշել կյանքի անխախտ արժեքների մասին:
Պապը արծարծել է իր համար կարեւոր գթասիրության, կարեկցանքի եւ արդարության թեմաները:
«Հասարակության մեջ, որը հաճախ է արբում սպառման մոլուցքով եւ վայելքների ծարավով, հարստությամբ ու վատնողությամբ, ինքնասիրահարվածությամբ ու ունայնությամբ, Քրիստոս մանկիկը հորդորում է մեզ ապրել ժուժկալ կյանքով, այլ կերպ ասած, պարզ կյանքով, որն անհրաժեշտ է տեսնելու ու հասկանալու՝ թե ինչն է կարեւոր»,- ասել է պապը:
Հռոմի պապի Սուրբ ծննդյան ժամերգությունը լսելու համար Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում 10 հազար մարդ էր հավաքվել:
Դեկտեմբերի 25-ի կեսօրին Ֆրանցիսկոս պապը Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից հանդես կգա Urbi et Orbi (Քաղաքին եւ Աշխարհին) ավանդական Սուրբ ծննդյան ուղերձով: