Պահ տալ գառնուկին գայլերին կամ ինչպես են ապրում սիրիացի փախստականները Թուրքիայում

Թուրքիայում գտնվող սիրիացի գաղթականների թեման  միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է արդեն երկար ժամանակ: Խնդիրն ավելի սուր բնույթ ստացավ, երբ դրա հետ անմիջապես առնչվեց հենց եվրոպական հասարակությունը: Թեև այս գաղթականների կեսից ավելին չորս տարի է, ինչ փախստական են Թուրքիայում և հենց այդտեղից էլ փախչում են դեպի Եվրոպա:

Սիրիացի փախստականները պաշտոնապես սկսել են Թուրքիա մուտք գործել 2011 թվականի ապրիլից: Պատերազմի գաղթականների առաջ դռները բացած Թուրքիան աշխարհին ցույց տվեց իր «հյուրընկալությունն» ու «մեծահոգությունը»: Իհարկե` ոչ անվճար:
Փաստը, որ թուրքական կառավարության `թուրքերի համար ազատ վիզային ռեժիմի և 3 միլիարդ եվրոյի տեսքով պահանջները ԵՄ-ի կողմից բավարարվեցին, բոլորովին զարմանալի չէր: Իսկ այն, որ սիրիացի գաղթականների բեռից ազատվել փորձող Եվրոպան թուրքերին վիզա բաժանելով մի քանի տարուց բախվելու է ոչ պակաս վտանգավոր խնդրի` այս անգամ եվրոպական քաղաքների ավելի մեծ թափով «թուրքացման» հետ, միայն ու միայն եվրոպացիների խնդիրն է:

Այն, ինչը ցանկանում եմ քննարկել` արդյո՞ք այս շռայլ նվերներն ընդունող Թուրքիան ի վիճակի է այդքան գաղթականների խնդիրները լուծել կամ, առհասարակ, արդյոք լուծու՞մ է  այս մարդկանց խնդիրները և ամենից առաջ հասկանանք. եթե Թուրքիան այդքան հյուրընալ ու մեծահոգի է այս փախստականների հանդեպ, ապա ինչու՞ են նրանց թուրքական նավահանգիստներից հարյուր հազարներով փախչում Եվրոպա և  վիզաներից, դոլարներից ու եվրոներից բացի ի՞նչ հարցերում են թուրքերը օգտվում սիրիացի գաղթականների ծանր վիճակից:

Ըստ պաշտոնական տվյալների, Թուրքիայում բնակվում են ավելի քան 2, 200 000  սիրիացի գաղթական, որոնց համար մինչ օրս Թուրքիայի կառավարությունը, ըստ իր ներկայացրած պատկերի, ծախսել է 8 միլիարդ դոլար:
Եվ մինչ Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը բողոքում են, թե վերջին տարիներին առանց այդ էլ ոչ այնքան լավ տնտեսական վիճակում գտնվող իրենց երկրի կառավարությունն ինչո՞ւ է որոշել ընդունել այդքան սիրիացի գաղթականների, թուրք-սիրիական սահմանը շարունակում է բաց մնալ ու ծառայել ոչ միայն պատերազմից փախչողների, այլև տարիներ շարունակ հենց այդ նույն սահմանով ներս ու դուրս անող իսլամիստ ահաբեկիչների համար, որոնք ի դեպ իրենց գրասենյակներն ունեն հենց Ստամբուլի սրտում և հաճախ անվճար բուժօգնություն են ստանում Ուրֆայում և Այնթապում:

Չորս տարվա ընթացքում սիրիացի գաղթականների ծախսերը հոգալու նպատակով արտերկրից Թուրքիա մտնող գումարի չափը մինչ Էրդողանի բրյուսելյան վերջին բանակցությունները հաշվվում էր 400 000 միլիոն դոլարից ավելի:
Խնդրի շուրջ Եվրոպայի հետ վերջին քննարկումների ժամանակ, ինչպես հայտնի է,  Թուրքիայի և ԵՄ-ի միջև ազատ վիզային ռեժիմի և «սիրիացի գաղթականների բոլոր կարիքները բավարարելու և գաղթականների իրենց հարազատ տարածաշրջանը չլքելու համար պայմաներ ապահովելու նպատակով»   3 միլիարդ եվրոյի օգնության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը Թուրքիայի վերջին «խոշոր շահումն էր» այս խաղում:

Իսկ ի՞նչ վիճակում են նրանք, ում շուրջ պտտվում է այս ամբողջ խաղն ու արդյո՞ք ցանկանում են Թուրքիայում մնալ. թերևս սա քչերին է հետաքրքրում:

Մեր հարցումներն ու փոքրիկ ուսումնասիրությունը ուղղված էին հետևայալ հարցին պատասխան գնտելու. արդյո՞ք Թուրքիայի կառավարությունը հետևողականորեն կատարում է իր `պատերազմի փախստականների հանդեպ օրենքով ստանձնած պարտականությունները:

Թուրքիայում սիրիացի գաղթականներն օրենքով ունեն հարկային որոշ արտոնություններ, իրավունք ունեն անվճար բուժօգնություն և կրթություն ստանալու: Թեև այս արտոնություններից կարողանում են օգտնվել գաղթականների միայն շատ փոքր հատվածը:

«Ինը հոգով մեկ սենյակում ենք ապրում, կոմունալ պայմանները սարսափելի են, բաղնիք և առանձին զուգարան չունենք:  Երեխաներին դպրոցում գրանցելու դժվարություններ ունենք, ուրիշ ծնողները չեն ցանկանում, որ իրենց երեխաների դասարանում սիրիացի փախստականի երեխա սովորի, դե իսկ տնօրենները մյուսների հետ խնդիրներ չեն ուզում ունենալ:
Երեխաների նորմալ թուրքերեն չիմանալն էլ է խնդիր: Նրանց համար որևէ լեզվի դասընթացներ չեն կազմակերպվել:
Ձմեռային հագուստի, սննդի խիստ պակասություն ենք զգում: Եկել էինք երեք ամսով, դարձավ երեք տարի, երանի մի օր վերադառնանք…»:

Սա Թուրքիայում մեր հանդիպած սիրիացի փախստականներից միայն մեկն էր:
Իրականում նման ծանր պայմաններում է ապրում Թուրքիայում սիրիացի փախստականների գերակշիռ մասը:

Թուրքիա անցնող սիրիացի փախստականների մեծ մասը ի սկզբանե այստեղ է եկել կարճ ժամանակ անց հայրենիք վերադառնալու մտքով, իսկ ոմանք էլ հետագայում Եվրոպա անցնելու նպատակով: Եկողների զգալի հատվածը Հալեպից, Ղամիշլիից և Ռուբանեից են, թեև կարելի է ասել, որ այստեղ կան Սիրիայի գրեթե ամեն կողմից գաղթածներ:
Նրանց մեծ մասն ապրում է Թուրքիայի Հաթայ, Ադանա Գազիանթեփ, Շանլըուրֆա, Մարդին,Մալաթյա, Ադըյաման, Շըրնաք, Բաթման, Էլյազըղ նահանգներում. այսինքն` հաճախ փախստականները շատ հեռու չեն գնացել սահմանից, հնաավորության դեպքում կրկին Սիրիա վերադառնալու նպատակով:
Սակայն փախստականների մեկ այլ հատված հաստատվեցին ավելի մեծ  քաղաքներում` Կոնյայում, Անկարայում, Անթալիայում, Իզմիրում և, իհարկե, Ստամբուլում: Ըստ պաշտոնական տվյալների 400 000 սիրիացի փախստական ապրում է Ստամբուլում: Սակայն սա միայն պաշտոնական տվյալների համաձայն:
Դեպի Թուրքիայի արևմուտք շարժվող և  հիմնականում նավահանգստային քաղաքներում ապաստանած այս փախստականները մեծ մասամբ դեպի Եվրոպա արտագաղթելու շանսեր փնտրողներն են, ինչպես նաև սիրիացի գաղթականների համեմատաբար ֆինանսապես ապահովված խավը, որոնք մեծ քաղաքներում հիմնում են իրենց փոքր և միջին բիզնեսները:

Ինչ վերաբերում է փախստականների էթնիկ պատկանելիությանը, նրանց մեջ գերակշռում են արաբներն ու քրդերը, որոնք հիմնականում հարում են իսլամի «սուննի» ճյուղին, թեև քիչ չեն նաև շիա-ալևի արաբները: Գաղթականների մեջ կան նաև եզդիներ, քրիստոնյա հայեր և ասորիներ:

Սիրիայից, ինչպես նաև Իրաքից Թուրքիա գաղթած հայերի թիվը մյուսների համեմատ բավականին համեստ է և ամբողջ երկրի տարածքում չի գերազանցում 10 000-ը:  Նրանց  մի հատվածը բնակվում է Ստամբուլում, Հաթայում, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի տարածքում` Յոզղատ, Էրզրում, Ուրֆա, Մարդին և այլն: Վերջիններս հայտնվել են, մեղմ ասած, ոչ այնքան բարենպաստ միջավայրում, և ստիպված են թաքցնել իրենց ազգային ու կրոնական պատկանելիությունը:  Դե իսկ կրթության ու աշխատանքի մասին խոսելն ավելորդ է: Քիչ թե շատ ավելի բարենպաստ վիճակում են Ստամբուլ հասած հայ գաղթականները, որոնք տեղի հայկական եկեղեցու միջոցով որոշակի աջակցություն ստացան Կ.Պոլսի հայերից: Շատերին հաջողվել է իրենց երեխաներին գրանցել հայկական համայնքի դպրոցներում, թեև երեխաների մի մասը դեռ «հյուր-աշակերտ»-ի կարգավիճակում է և չեն ստանում դպրոցից համապատասխան վկայական հետագա ուսումը համալսարանում շարունակել կարողանալու համար:
Թե Ստամբուլում և թե Արևմտյան Հայաստանում հայտնված հայազգի գաղթականները Թուրքիա են եկել հետագայում Եվրոպա կամ ԱՄՆ անցնելու նպատակով:

Վերադառնալով Թուրքիայում սիրիացի գաղթականների ընդհանուր խնդիներին՝ նշենք, որ չնայած ոմանց հաջողվել է աշխատանք ու անգամ սեփական բիզնեսը զարգացենելու ուղիներ գտնել, սակայն  գաղթականների շրջանում ծայրահեղ աղքատության մեջ գտնվողնեն ու պետության կողմից հատուկ հոգացության կարիք ունեցողները գերակշռում են:

Փախստականների իրավունքների միջազգային ասոցիացիայի ( ��?’ Internation Refugee Rights Association’’) անցկացրած ուսումասիրության համաձայն (http://multecihaklari.org.tr/turkiyede-bulunan-suriyeli-multecilere-dair-istatistikler/), Թուրքիայում ապաստանած սիրիացի գաղթականների 63.3%-ը բնակվում են վարձով տներում,  21.5%-ը լքված ու ավերակ տներում, 10.3 %-ը վրաններում, իսկ մնացածներն այգիներում, փողոցներում և այլն:

Գաղթականների շուրջ 36.7%-ը ունի բժշկական օգնության, իսկ 31.7% -ը դեղորայքի կարիք:
Հիվանդների 39%-ի պնդմամբ՝ պետական հիվանդանողներից չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք անվճար դեղորայքը: Փախստականների 38.3% -ը հայտնում է, որ իրենց կացարանային պայմանները շատ վատն են, իսկ 9.3%-ը մշտական վախի մեջ է, որ կարող են ամեն պահի դուրս վռնդվել իրենց ժամանակավոր կացարաններից:
Սիրիացի փախստականների 21%-ը Թուրքիայում սովի է մատնված, իսկ  46%-ը գրեթե միշտ մեծ դժվարությամբ է սնունդ հայթայթում: Փաստերը ցույց են տալիս նաև, որ լեզվական, ինտեգրացիոն և սոցիալական խնդիրների պատճառով սիրիացի երեխաների մեծ մասը Թուրքիայում չեն կարողանում կրթություն ստանալ: Թեև հարկ է նշել, որ ծանր ֆինանսական պայմաններում գտնվող ընտանիքների երեխաները հաճախ հնարավորության դեպքում էլ չեն կարողանա դպրոց այցելել, քանի որ ստիպված են աշխատել:
Թուրքիայում սիրիացիների աշխատանքային պայմաններն առանձին և բավականին բարդ թեմա է:
Սիրիացի գաղթականների մեծ մի զանգված Թուրքիայում շահագործվում է բազմաթիվ գործատուների կողմից մասնավոր գործարաններում, խանութներում և, իհարկե, հասարակաց տներում և «մուրացկանության բիզնեսում»:
Անշուշտ, մեծ սխալ կլինի պնդել, որ նշված վերջին երկու ոլորտներում բոլորը զոհ են և իրենց կամքից անկախ են հայտնվել այդ բիզնեսներում:
Սակայն չենք կարող չխոսել Ստամբուլում 12 ժամ աշխատող և 100 դոլար վաստակող անչափահաս սիրիացի գաղթականների և անմիջապես թուրք-սիրիական սահմանի վրա վաճառվող կանանց ու աղջիկների մասին, որոնց շահագործողները բոլորովին էլ անօրինական կազմակերպություններ չեն և բավականին լուրջ հարկեր են վճարում պետությանը:

Անձնագիր ունեցող յուրաքանչյուր Սիրիայի քաղաքացի  Թուրքիայում մեկ տարվա բնակության թույլատրություն են ստանում և կարող են դիմել աշխատելու իրավունք ստանալու համար: Սակայն քիչ չեն անգամ որևէ փասթաթուղթ չունեցող փախստականները, որոնք, սակայն, բազմաթիվ վկայությունների համաձայն` անկախ այդ ամենից անցնում են թուրք-սիրիական սահմանով առանց մեծ դժվարությունների:
Անօրինական այս փախստականները  ամենախոցելի խումբն են և ամենից շատ են ենթարկվում շահագործման ամենատարբեր ոլորտներում:
Գաղթական դեռահասներն և երիտասարդները հիմնականում իրենց ապրուստի համար վաստակում են տեքստիլի արտադրամասերում, որտեղ նրանց աշխատավարձը կազմում է միջինը 100-ից 250 դոլար (այն պարագայում, երբ տեղացի աշխատողները այդ նույն գործը կատարելիս վաստակում են 350-ից մինչև 500 դոլար):
Սիրիացի անչափահասները Թուրքիայի մեծ քաղաքներում շատ հաճախ նաև աշխատում են որպես հավաքարար, բեռնակիր և շրջիկ վաճառողներ:
Քիչ չեն Թուրքիայում սիրիացիների հանդեպ թե գործատուների, թե հասարակ քաղաքացիների կողմից կիրառված ֆիզիկական բռնության դեպքերը:
Երկրի արևելքում, որտեղ բնակչության կենսամակարդակը հինգ անգամ ցածր է, քան ամբողջ Թուրքիայի միջինը, և աշխատատեղերն այդքան էլ շատ չեն, ցավոք սրտի, այս փախստականների հիմնական զբաղմունքը մուրացկանությունն է:

Մինչ մարմնավաճառության և մուրացկանության բիզնեսի լիդերները Թուրքիայում մեծ օգուտներ են քաղում սիրիացի փախստականների ներհոսքից, հասարակ քաղաքացիների դժգոհությունը օր օրի աճում է. նրանք բողոքում են ոչ միայն մուրացկանների և գողության դեպքերի շատանալու, այլև վարձով տների գների կտրուկ աճի, աշխատատեղերի նվազման և այլն (բնականաբար, բազմաթիվ գործատուներ պետք է նախընտրեն էժան աշխատուժն ու իրենց նախապատվությունը տան սիրիացի փախստականներին, որոնց հանգիստ կարող են վճարել պարզապես գրոշներ):

Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ իրենց երկիրը պատրաստ չէր այդքան մեծ թվով գաղթականների ապաստան տրամադրելու և կերակրելու:
Երբեմն սիրիացի գաղթականների դեմ լարված տրամադրությունները թուրք հասարակության ներսում հասնում են իրենց գագաթնակետին:
Սակայն «երկրումս սիրիացի փախստական տեսնել չեմ ցանկանում» բղավող թուրքերը կարծես թե իրենց բողոքն արտահայտելու համար սխալ հասցե են ընտրել, քանի որ թուրք-սիրիական սահմանը փակելու մտադրություն թուրք. կառավարությունը կարծես թե դեռ չունի, իսկ միլիարդների դիմաց գաղթականներին Թուրքիայում «բանտարկած» եվրոպացիները  գործել են ըստ թուրքական ասացվածքի. «Kuzuyu kurtlara emanet etmek» (Գառնուկին պահ տալ գայլերին):

Սոֆյա Հակոբյան

Scroll Up