Ախալքալաքի երիտասարդական կենտրոնն արդեն 8 տարեկան է

Դեկտեմբերի 6-ին բարձր տրամադրություն էր տիրում Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում, քանի որ Կենտրոնում տոնում էին կրթօջախի 8-ամյակը: Այս մասին ըստ «Հայերն այսօրի»՝ հայտնում է akhaltskha.net-ը:

Օրը սկսվեց ցերեկույթ – միջոցառումով: Այն սկսվեց թատերական բեմադրությամբ. Մշակութային կենտրոնի թատերական խմբակի սաները գեղեցիկ և փայլուն ձևով ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» բեմադրությունը, որից հետո իր շնորհակալական ու շնորհավորանքի խոսքն ԱԵԿ-ին և աշխատակազմին հղեց կենտրոնի ակտիվ և պարտաճանաչ սան Օ. Գևորգյանը`ամբողջ աշխատակազմին նվիրելով իր իսկ գրած բանաստեղծությունը:

Իր շնորհավորանքի և գովեստի խոսքերով հանդես եկավ նաև կրթօջախի պատմության ուսուցիչ Վ. Ռստակյանը` հուսալով, որ դեռ շատ ու շատ տարիներ կենտրոնը կնշի իր տարեդարձը` համալրելով և շատացնելով կենտրոն հաճախող սաների թիվը:

Հրաշալի տրամադրությունն, ավանդույթի համաձայն, ապահովվեց ԱԵԿ-ի պարի խմբակի սաների կողմից` Քոչարի և ազգագրական պարերի շարանով:

Միջոցառումից հետո նույն տրամադրությունը շարունակվեց նաև սեղանների շուրջ: Ներկաներն իրենց բարեմաղթանքները հղեցին ԱԵԿ-ին ` ցանկանալով երկար ու ձիգ աշխատանքային տարիներ:

Scroll Up