Անցյալը պետք է հիշել և դրանից դասեր քաղել. Չեխիայի խորհրդարանի խոսնակը՝ Հայոց ցեղասպանության մասին
Աշխարհի բոլոր խորհրդարանները մեծ դերակատարում ունեն ցեղասպանությունների և ահաբեկչությունների դեմ պայքարում: Ազգային ժողովում, ամփոփելով Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ հանդիպման արդյունքները, ՀՀ ԱԺ նախագահն ընդգծեց, որ հայն այն ազգն է, որն ահաբեկչություն է տեսել ցեղասպանության տեսքով:
«Մենք ամենալավն ենք զգում այդ սարսափելի հանցագործության կործանարար հետևանքները, դրա համար այդ խնդիրները միշտ մեր ուշադրության կենտրոնում են», «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը: Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկը կիսում է տեսակետը, որ անցյալը հարկավոր է միշտ հիշել ու դրանից դասեր քաղել: «Մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ Չեխիայի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա գտնվեցին Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցի տարբեր միջոցառումների», ասաց Համաչեկը:
Հարցին` Չեխիայի խորհրդարանը պատրաստվո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունել՝ հաշվի առնելով նաև, որ երկու տարի առաջ Չեխիայի նախագահը օգտագործել է Ցեղասպանություն եզրույթը, Համաչեկը պատասխանեց. «Ինձ թվում է, որ ես իմ վերջնական խոսքում բավականին պարզ արտահայտվեցի: Եվ Չեխիայի Հարապետության պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ևս բավականին պարզ ձևով արտահայտվել է այս հարցի վերաբերյալ»: Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 2015թ. ապրիլի 14-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև:
Բանաձևը, վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի» մասին կոնվեցիան, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների օրենսդիր ու գործադիր մարմինների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների որոշումները, դատապարտում է ցեղասպանությունների ժխտումը: