Պոլսահայ լրագրողն Էրդողանին վիրավորելու գործով ցուցմունք է տվել դատարանում

Պոլսահայ լրագրող Հայկո Բաղդաթը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ սկսված երկու հետաքննությունների շրջանակում ցուցմունք է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս»­-ը:

Բաղդաթի դեմ երկու հետաքննություն է սկսվել Bugün TV հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ժամանակ հնչեցրած մտքերի, ինչպես նաև «Թարաֆ» պարբերականում «Ահմեդ Հաքանի վրա իջած բռունցքի պատճառը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է» խորագրով հոդվածի պատճառով: Թուրքիայի նախագահ Էրդողանը դատարանում բողոք էր ներկայացրել պոլսահայ լրագրողի դեմ, ինչի հիման վրա սկսված հետաքննության շրջանակում Բաղդաթը դեկտեմբերի 1­ին ներկայացել է Չաղլայանի արդարադատության պալատ: Հայկոն ցուցմունքի ժամանակ ասել է, որ լրագրող է, իսկ այն խոսքերը, որոնք մեկնաբանվում են իբրև վիրավորանք նախագահի հասցեին, տեղավորվում են քննադատական խոսքի շրջանակում և վիրավորանք չեն:

Scroll Up