ՀՅԴ-ն դարձել է ազգային արժեք. միջոցառում Սիդնեյում (տեսանյութ)

Նոյեմբերի 27-ին Սիդնեյում ՀՅԴ 125-ամյակի առիթով տեղի ունեցավ Արցախի ազատագրական պայքարին նվիրված միջոցառում, որին ներկա էին ավելի քան 500 հայորդիներ: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է իր աղբյուրներից:
Միջոցառման սկզբում հնչեց Ավստրալիայի և Հայաստանի օրհներգները: Բարի գալուստի և բացման խոսք ասաց ՀՅԴ Ավստրալիայի երիտասարդական միության ներկայացուցիչ Մովսես Ինջեջիկյանը: ՀՅԴ Ավստրալիայի Դրո կոմիտեի ներկայացուցիչ Հայկ Կայսերյանը խոսեց ՀՅԴ գաղափարախոսության կարևորության և հայ ազգային, քաղաքական կյանքում նրա այժմեականության մասին:
Երեկոյի ընթացքում ցուցադրվեց նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի տեսաուղերձը, որում մասնավորապես ասված էր.
«Սիրելի´ հայրենակիցներ, ՀՅԴ պատվարժան անդամներ, քույր և ուղեկից կառույցների սիրելի´ ղեկավարներ, այսօր տոն է Սիդնեյում, նշվում է 125-ամյակը փառապանծ կուսակցության հզոր, պատմական անցած ուղու: 25 տարի գումարած 100, այսպես եք դուք ապրել, գործել և գոյատևել աշխարհում հանուն հայության, Հայաստանի և Հայկական աշխարհի:
ՀՅԴ-ն դարձել է ազգային արժեք և ունի իր մնայուն տեղն ու դերակատարությունը Հայոց պետության կառուցման, ինչպես նաև Հայկական Սփյուռքը վառ պահելու և հայ պահելու գործում:
Հայաստանի ազատ ու անկախ Հանրապետության հռչակումից հետո, որպես դասական ամենահզոր կազմակերպություն, առաջինը եկավ ու հաստատվեց հայրենիքում և մեզ հետ միասին կառուցեց, մասնակցեց հայրենաշինության, պետականաշինության կարևոր և մնայուն գործին:
Այսօր էլ՝ ՀՅԴ-ն իր հետաքրքիր գործունեությամբ, քաղաքական կեցվածքով և հարցադրումներով մեծ դերակատարություն ունի մեր երկրի քաղաքական խճանկարում: Եվ մենք համատեղ ուժերով, ձեռք-ձեռքի տված այսօր իրականացնում ենք սահմանադրական բարեփոխումներ, իրականացնում ենք Հայոց ապագայի նկատմամբ մեր կարևորագույն տեսլականն առաջ տանելու գաղափարը»:
ՀՅԴ օրվա պատգամը փոխանցեց հյուր-բանախոս, ԼՂՀ խորհրդարանի անդամ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Վերջինս իր խոսքում բարձր գնահատեց ՀՅԴ Դրո կոմիտեի նախաձեռնությունը, որ այս տարվա ՀՅԴ 125-ամյակի միջոցառումները նվիրված են Արցախի ազատագրական պայքարին: Դավիթ Իշխանյանը ներկայացրեց նաև ԼՂՀ ներկա քաղաքական իրավիճակը և խոսեց Արցախի դիմագրաված ռազմաքաղաքական դժվարությունների մասին:
Միջոցառմանն իր պատգամը փոխանցեց նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը:
Երեկոյի մասնակիցներին իրենց ազգագրական, ժողովրդական, ազգային և հեղափոխական երգերով խանդավառեցին հայաստանյան երգիչներ Ռուբեն Սասունցին, Գոհար Հովհաննիսյանը, Աղասի Իսպիրյանը և Համազգայինի «Նաիրի» պարախումբը: