Էրդողան. «Եթե նմանատիպ խախտում այսօր էլ լինի, Թուրքիան նույն կերպ կպատասխանի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր համայքնի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ խոսել է Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռի խոցման մասին:

Ըստ թուրքական «sondakika.com» լրատվական կայքի` ի պատասխան Պուտինի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը պատասխան կհասցնի, եթե ևս մեկ անգամ նման դեպք կրկնվի, Էրդողանն ասել է, որ եթե նույն խախտումն այսօր էլ կատարվի, Թուրքիան նույն պատասխանը կտա:

Էրդողանը կրկին նշել է, որ խոցելուց հետո են պարզել, թե ինքնաթիռը որ երկրին է պատկանում:

«Մենք սահմանի խախտումներին պատասխանում ենք դրանց համար նախատեսված կանոնների համաձայն: Դա ավտոմատ ռեակցիա է, ինչի համար վաղուց է թույլտվությունը տրված: Նախկինում էլ ենք այսպիսի դեպքերի հետ առնչվել: Չնայած զգուշացումներին` անհայտ պատկանելության ինքնաթիռը շարունակել է խախտումները, ինչի համար էլ ըստ սահմանված կանոնների, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ: 5 րոպեի ընթացքում 10 զգուշացում է կատարվել, որոնց ձայնագրությունները հեռարձակվել են հեռուստատեսությամբ: Հետո է պարզվել, թե ինքնաթիռը որ երկրին է պատկանում: Այդ դեպքը մեզ էլ է վշտացրել»,- ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նշել է Էրդողանը:

Էրդողանը նշել է, որ իրենք ամենասկզբից ամեն ինչ արել էն, որպեսզի որևէ զոհ չլինի, ինչին հակառակ ռուսական կողմից թեմայի հետ կապ չունեցող արձագանքների են ականատես լինում:

«Մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերություն ունենք: Տարածաշրջանում նոր լարվածություն չենք ուզում ստեղծել: Մենք Ռուսաստանին որպես թիրախ ընտրելու պատճառ չունենք: Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ ունեցած մեր անհամաձայնությունը այլ բան է, սահմանի խախտման հետ կապված անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը` բոլորովին այլ: Նույն խախտումն այսօր լինի, Թուրքիան կրկին նույն պատասխանը կտա»,- շեշտել Թուրքիայի նախագահը:

Scroll Up