Թուրքիայի ֆինանսների նախարարության տեսուչները ստուգումներ են անում հայկական դպրոցներում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/Varjaran.jpg)
Սա հանրապետական Թուրքիայի մեջ առաջին անգամ է, որ հայկական դպրոցներում նման ստուգմուներ են անցկացվում, «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ հայտնում է Ermenihaber.am-ը:
Հայկական դպրոցները տնտեսվարող սուբյեկտ ճանաչելու հարցն օրակարգ էր եկել դեռևս մարտ ամսին: Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը գրություն էր ուղարկել հայկական դպրոցներին, տեղեկացնելով, որ ընտանիքներից նվիրատվություններ ստանալու դեպքում դպրոցները կհամարվեն տնտեսվարող սուբյեկտ ու ենթակա կլինեն հարկումների:
Այս կապակցությամբ «Հիմնադրամների միջև համերաշխության և կապերի պլատֆորմի» (VADİP) ֆինանսական հարցերի համակարգող Մասիս Յոնթանը, միջազգային հարկային իրավունքի մասնագետ Արեգ Ֆերահյանը, կրթության հանձնաժողովի անդամները հանդիպել են իրավաբաններ Սեբու Ասլանգիլի և Օմեր Քանթիքի հետ: VADİP գլխավոր քարտուղար Հարությունը Շանլըն հայտնել է, որ հանդիպումը բավականին արդյունավետ է անցել՝ քննարկվել են հարցի վերաբերյալ բոլոր տեսակետները:
Նա նաև հայտնել է, որ Թուրքիայի նոր կառավարության ձևավորումից անմիջապես հետո հանդիպում են պահանջելու ֆինանսների և կրթության նորանշանակ նախարարների հետ:
«Իրավաբաններից և խորհրդականներից կազմված պատվիրակության այցից հետո կսպասենք արդյունքներին: Եթե տնտեսվարող սուբյեկտի պատճառով խնդիրը փակուղի մտնի, մենք իրավական պայքարի մեջ կմտնենք»,-ասել է Շանլըն:
Վերջինս հիշեցրել է, որ Թուրքիայի հանրակրթության մասին N5580 օրենքում ընդգծված է, որ hայկական դպրոցները ոչ թե մասնավոր, այլ ազգային փոքրամասնության դպրոցներ են: Ըստ Շանլըի՝ այս օրենքը կլինի իրենց ամենակարևոր փաստարկը հնարավոր իրավական գործընթացի ժամանակ: