Պոլսահայ ընդդիմադիր լրագրող Հայկո Բաղդատին հեռացրել են աշխատանքից

Հայտնի պոլսահայ ընդդիմադիր լրագրող և գրող Հայկո Բաղդատը հեռացվել է թուրքական «Bugün TV» հեռուստաընկերությունից, որտեղ վարում էր հեղինակային «Özgür İfade» («Ազատ խոսք») հաղորդաշարը: Այս մասին հայտնի է դարձել լրագրողի թվիթերյան գրառումից:

«Իմ տուն ծանուցում է եկել. ես հեռացված եմ «Bugün TV»-ից,- ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ գրել է Հայկո Բաղդատը,- Առաջին անգամն եմ որևէ տեղից հեռացվում: Չէ, չէ, կատակում եմ, ես ամեն օր եմ հեռացվում»:

Իսկ օրեր առաջ Հայկոն իր անհատական բլոգում կատարած մի գրառմամբ տեղեկացրել էր, որ որոշ ժամանակով կդադարի հեղինակային հոդվածներով հանդես գալ: Պոլսահայ այս լրագրողը հայտնի է իր համարձակ ասելիքով և գրելաոճով: Նա բազմիցս աչքի է ընկել Թուրքիայի ներքքաղաքական հարցերի վերաբերյալ սուր, դիպուկ ու իշխանություններին ուղղված քննադատական հոդվածներով:

Scroll Up