Բաշար Ասադ. Սիրիայի մասնատումը տարածաշրջանում կհանգեցնի մշտական պատերազմների
Սիրիայի, Իրաքի կամ Լիբանանի մասնատման գաղափարները վտանգավոր են և կարող են հանգեցնել տարածաշրջանում փոքր պետությունների միջև անվերջ պատերազմների: «Ռիա նովոստի» լրատվական գործակա«ության փոխանցմամբ ֆրանսիական «Valeur Actuel» ամսագրին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, գրում է panorama.am-ը :
Վերջինիս խոսքերով` իրադարձությունների նմանատիպ զարգացումը կարող է դառնալ ահաբեկչության աղբյուր, որը կտարածվի ամբողջ աշխարհում:
«Եթե տարածաշրջանը գա այդպիսի վիճակի (մասնատվի)… ես ձեզ կասեմ, որ այնտեղ կլինեն անվերջ, հնարավոր է՝ դարավոր պատերազմներում իրար դեմ պատերազմող փոքր պետություններ: Ցանկացած այսպիսի իրավիճակ նշանակում է մշտական պատերազմներ: Մնացած աշխարհի վերաբերյալ՝ դա կնշանակի ապակայունացման և ահաբեկչության մեծ թվով օջախներ, որոնք կկարողանան տարածվել ամբողջ աշխարհում»,- նշել է Բաշար Ասադը:
Սիրիայի ղեկավարի խոսքով` Մերձավոր Արևելքում ըստ կրոնական և դավանաբանական նշանների պետությունների մասնատման գաղափարը, որը տարածել են որոշ արևմտյան ԶԼՄ-ներ, տպավորություն է ստեղծում, որ նրանք ցանկանում են իբր իրար հետ ապրել չցանկացող տարբեր կրոնների ներկայացուցիչների միջև միջկրոնական պատերազմի թյուր կարծիք ստեղծել:
«Իրականում եթե դուք հիմա հարցնեք ցանկացած սիրիացու՝ նա կողմ, թե դեմ կլիներ կառավարությանը, բոլորը ձեզ կասեն, որ իրենք Սիրիայի միասնականության կողմնակից են»,- շեշտել է Բաշար Ասադը:
Նրա խոսքով` Սիրիայում բոլոր քաղաքներում և բնակավայրերում, որոնք վերահսկում է սիրիական բանակը, և որտեղ գրոհայիններ չկան, բոլոր փոքրամասնությունների և հավատքների ներկայացուցիչները միմյանց հետ ապրում են խաղաղ: