Սիրիայի հայ օգնության հիմնադրամը 2016 թվականի փետրվարի 21-ին հեռուստամարաթոն կանցկացնի սիրիահայերին օգնելու նպատակով
ԱՄՆ ում գործող Սիրիայի հայ օգնության հիմնադրամը (SARF) 2016 թվականի փետրվարի 21-ին Լոս Անջելեսում կանցկացնի հեռուստամարաթոն, որը կունենա «Փրկիր կյանք» խորագիրը:
Հեռուստամարաթոնը նպատակ ունի սիրիական ճգնաժամի արդեն 5-րդ տարում օգնության ձեռք մեկնել Սիրիայում բնակվող հայերին և նրանց համար հույսի փոքր շող արթնացնել, հաղորդում է «Ասպարեզ»-ը:
«Սիրիական հակամարտության արդեն 5րդ տարում շարունակվում են կործավել քաղաքներ ու գյուղեր, տները հավասարեցվում են հողին, ընտանիքները մասնատվում են, և որ ամենացավալին է՝ արյունահեղությունը շարունակվում է, և անմեղ կյանքեր զոհ են գնում բռնությանը: Հարյուր հազարավոր քաղաքացիներ զրկված են հիմնական կարիքներից` ջուր, սնունդ, տանիք ու ջերմություն: Կոտորածները դարձրել են մեր քաղաքացիներին խիստ խոցելի: Հայկական սփյուռքի ամենահին համայնքներից Հալեպը վերածվել է դատարկված ուրվական քաղաքի: Անմարդկայնությանը ականատես լինելով, սակայն, մենք ավելի են ուժեղացնում մեր մարդկային հատկանիշները և կարիքի մեջ գտնվող անձանց օգնելու հանձնառությունը: Սիրիայում մեր հայրենակիցներն ամեն պահի զոհվելու շեմին են ու, այդուհանդերձ, դեռ շարունակում են գոյատևել», նշվում է Սիրիայի հայ օգնության հիմնադրամի հայտարարության մեջ՝ հորդորելով բոլորին մասնակցել «Փրկիր կյանք» հեռուստամարաթոնին և օգնել բավարարել Սիրիայում բնակվող մեր հայերնակիցների ամենատարրական կարիքները, ինչպես մի կտոր հացն է, ջուրը կամ տաք հագուստը: