Իսպանական քաղաքը խոսում է… հայերեն

«Բարև՛, Միսլատա՛, բարև՛, աշխարհասփյուռ հայե՛ր…»: Այս ողջույնով է սկսում «Հայկական ժամը» Միսլատայի ռադիոյում, ամեն երկուշաբթի, Իսպանիայի ժամանակով ժամը 14:00-ին: Եվ այդ ժամից սկսած, մեկ ժամվա ընթացքում, ռադիոն խոսում է… հայերեն: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Վալենսիայի Արարատ հայկական միությունը:
Խոսում է նաև իսպաներեն՝ պատմելով Հայաստանի, հազարամյակների խորքից եկող նրա պատմության, մշակույթի, գրականության, լեզվի, խոհանոցի, հայի մասին՝ նրա տեսակի: Այն ամենի, ինչ ասել է Հայաստան և հայ ժողովուրդ: Եվ խոսքն ուղեկցվում է հոգեզմայլ, քաղցրահունչ երաժշտությամբ, հայ երգով ու ասմունքով:

Ահա այսպիսին է Արարատ հայկական միության հերթական նախաձեռնությունը, որը ևս մեկ կարևորագույն քայլ է հայապահպանության և հայ ինքնության պահպանման, ոսկեղենիկ հայերենը հայ օջախները լցնելու և օտարի ականջին հաճո դարձնելու գործում: Ահա այս է այն գնահատականը, որ տալիս է իսպանացի հասարակությունը հայ ազգաբնակչությանը:

Իսպանիայի գողտրիկ անկյուններից մեկում, մի գեղեցիկ օր ծնվեց երկրում առաջին հայկական դպրոցը, այնուհետև, այն օրերին՝ անդրանիկ հայկական կազմակերպությունը՝ Արարատ հայկական միությունը՝ ևս մեկ անգամ հուշելով օտարին, որ Արարատը հայկական է, հայեցի ու հայինը: Դե իսկ հետագայում ծնվեցին այլ առաջնեկներ՝ ցայսօր հայատառ միակ պարբերականը՝ «Հայրենիք» շաբաթաթերթը, Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Կենաց խաչ» հուշարձանը և բազմաթիվ ու բազմաբովանդակ այլ միջոցառումներ, որոնք Միսլատային՝ այս փոքրիկ-մեծ քաղաքին մղեցին կատարելու առաջին պատմական քայլը՝ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մի քայլ, որին հետևեցին Իսպանիայի ևս 10 քաղաքներ, որոնցից յոթը՝ Վալենսիա մարզում:

Ահա, հայաքիչ այս երկրում Արարատ միության հայաշատ ու հայաշահ ձեռքբերումները: Իսկ հիմա էլ՝ «Հայկական ժամը» Միսլատայի ռադիոյում, որը հնարավորություն կտա իսպանահայությանն ու աշխարհացրիվ հայությանը հայերեն ունկնդրել յուրաքանչյուր երկուշաբթի, ժամը 14:00-15:00, FM-ի 88.8 հաճախականությամբ: Ռադիոժամի հաղորդավարներ Արարատ Ղուկասյանն ու Գայանե Ղազարյանը բոլոր ռադիոլսողներին խոստանում են հայեցի ու հայանպաստ եթերաժամ, որը մեզ՝ հայերիս, ավելի կմոտեցնի մեր արմատներին՝ փարատելով կարոտն առ հայերնիք, իսկ իսպանացիներին՝ փոքր-ինչ ավելի կմոտեցնի հայկական մշակույթին, հայի իրականությանը, հայ երևույթին:

Իսկ մեզ մնում է միայն անխափան եթեր ցանկանալ «Հայկական ժամին»՝ ակնկալելով, որ մեզ հատկացված ժամանակը՝ ժամանակի ընթացքում կավելանա:

Բարի երթ «Հայկական ժամին»:

Միսլատա ՄԻսլատա2

Scroll Up