Ռուս-հայկական միջխորհրդարանական համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է. Վալենտինա Մատվիենկո

Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ ռուս-հայկական միջխորհրդարանական համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է:
Մասնավորապես, նրա խոսքով՝ երկու երկրների օրենսդիրները համակարգում են իրենց դիրքորոշումները եւ գործակցում միջազգային խորհրդարանական տարբեր հարթակներում, ինչպիսիք են, օրինակ, ԱՊՀի երկրների Միջխորհրդարանական վեհաժողովը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովները, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական համաժողովները:
«Բացի այդ, երկու երկրների խորհրդարանականների փոխգործակցության ամրապնդմանը նպաստում է ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի արգասաբեր աշխատանքը», «Արմենպրես»ի հաղորդմամբ` նշել է Մատվիենկոն:
Ինչպես արդեն հաղորդվել Է, նոյեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնության խորհրդի պատվիրակությունը՝ պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, երկօրյա պաշտոնական այցով ժամանում է Հայաստան: Այցի ծրագրի համաձայն՝ Դաշնության խորհրդի խոսնակը բանակցություններ կվարի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ, իսկ այնուհետեւ հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով՝ խմբակցությունների ղեկավարների, խորհրդարանական կոմիտեների նախագահների մասնակցությամբ: Այցի ծրագիրը նախատեսում է նաեւ Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումն ու զրույցը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Պլանավորվում է, որ Դաշնության խորհրդի խոսնակը հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Պաշտոնական այցի շրջանակներում ՌԴ խորհրդարանի վերին պալատի պատվիրակությունը կմասնակցի «Ռուսաստան, Հայաստան, Եվրասիական տնտեսական միություն: Միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ» հայ ռուսական չորրորդ միջտարածաշրջանային համաժողովի բացմանը: Ինչպես այցի նախօրյակին ՏԱՍՍին պատմել է Դաշնության խորհրդի դաշնային կառուցվածքի, տարածաշրջանային քաղաքականության, տեղական ինքնակառավարման եւ Հյուսիսի գործերի կոմիտեի նախագահ Դմիտրի Ազարովը, Հայաստանը Ռուսաստանի հանգուցային գործընկերներից մեկն է Անդրկովկասում: «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական եւ հումանիտար կապերի ամրապնդումը, ներդրումային եւ ենթակառուցվածքային նախագծերի իրագործումը, տարածաշրջանների եւ մունիցիպալիտետների մակարդակով փոխգործակցությանն աջակցումը թույլ կտան ամրապնդել տարածաշրջանի կայունությունը, ամրապնդել ժողովուրդների միջեւ բարեկամական կապերը», ասել է խորհրդարանականը, որը նույնպես մտնում է ՌԴ խորհրդարանի վերին պալատի պատվիրակության կազմի մեջ: