Հայ-իտալական գործարար համաժողով Միլանում

Հոկտեմբերի 26-ին «Հայաստանի ՏՀՏ ընկերությունների եվրոպական ավտովազք» ծրագրի շրջանակում Միլանում կայացավ տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի հայ-իտալական գործարար համաժողով: Այն կազմակերպել էր Իտալիայում Հայաստանի դեսպանությունը՝ Իտալական առևտրի ազգային գործակալության (ICE), «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հետ համագործակցությամբ:
Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը: Նա ներկայացրեց Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործընթացը, ձեռքբերումներն ու հեռանկարները, անդրադարձավ ոլորտում հայ-իտալական համագործակցության զարգացման հնարավորություններին:
Ելույթներով հանդես եկան Իտալական առևտրի ազգային գործակալության ձեռնարկությունների և հաստատությունների դեպարտամենտի տնօրեն Անիելլո Մուսելլան, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն, «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»-ի հիմնադիր Վահան Շաքարյանը, Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրոնիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Լետիցիա Տանկան և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»-ի գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանը:
Այնուհետև համաժողովի մասնակից հայկական ընկերությունների ներկայացուցիչները հակիրճ ներկայացրեցին իրենց գործունեությունն ու ծրագրերը:
Համաժողովի ավարտին կայացան B2B հանդիպումներ հայ և իտալական ընկերությունների ներկայացուցիչների միջև: