Արգենտինայում Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված միջոցառումների ամփոփումը` մեկ տեսանյութում

Prensacentroarmenio.com.ar կայքը տեսանյութ է ներկայացրել՝ ամփոփելով Արգենտինայի հայ համայնքի նախաձեռնությամբ և տեղական իշխանությունների աջակցությամբ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպված միջոցառումները, որոնք անցկացվել են «Հիշում և պահանջում եմ» խորագրի ներքո: Միջոցառումների սկիզբը դրվել էր դեռևս 2014-ի հուլիսին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բուենոս Այրես կատարած պաշտոնական այցով:

Այսպես, 2014-ի նոյեմբերին համայնքի տարբեր դպրոցների հարյուրավոր սաներ մասնակցել են Հայոց ցեղասպանությանը նվիրված միջդպրոցական համաժողովին: 2014 թ. նոյեմբերն անցել է ոգեկոչման համերգներով, գրականությանը, մշակույթին և խոհանոցին նվիրված միջոցառումներով:

2015-ի մարտի 19-ին Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, կարդինալ Մարիո Պոլիի ներկայությամբ և ուղեկցությամբ քաղաքի Մայր տաճարում Արգենտինայի և Չիլիի հայ եկեղեցու թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը և Վարդան արքեպիսկոպոս Պողոսյանը Սուրբ պատարագ են մատուցել` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մարտի 28-ին մոտ 5000 մարդ է ներկա գտնվել Արգենտինայի սիմֆոնիկ նվագախմբի համերգին` «Քեզ համար, Հայաստան» խորագրով: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգը վարել է դիրիժոր Սանտյագո Չոցուրյանը:

Ապրիլի 24-ին Ցեղասպանության նահատակների հիշատակին պատարագ է մատուցվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

Կորդոբա նահանգում ևս մի շարք ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունեցել:
Ապրիլի 25-ին մշակութային միջոցառումներ, ներկայացումներ և համերգներ են անցկացվել Արգենտինայի Պալերմո թաղամասում:

Իրենց խոսքով ու պահանջով հանդես են եկել հայազգի և արգենտինացի նշանավոր մարզիկներ, որոնց թվում` Դավիդ Նալբանդյանը, Խոսե Մեոլանսը, Խուան Կառլոս Օլավեն, Խոսե Պալացցոն, Կառլոս Հայրաբեդյանը:

Ապրիլի 28-ին հայ համայնքի ներկայացուցիչները ոգեկոչման երթով հասել են դեպի Բուենոս Այրեսում Թուրքիայի դեսպանի նստավայր` ճանաչում և փոխհատուցում պահանջելով:

Ապրիլի 29-ին մարդաշատ էր Բուենոս Այրեսի «Լունա պարկ» մարզադաշտը, որտեղ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության ոգեկոչման կենտրոնական միջոցառումը, որն ամփոփվել է Խուլիան Դոմինգեսի համերգով:

Հունիսի 24-ին Բունեոս Այրեսի տաճարում երախտագիտության պատարագ է մատուցվել, որով արգենտինահայ համայնքն իր շնորհակալությունն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի դերակատարության համար:

Scroll Up