Ամերիկահայ ոսկերիչը հայերենի այբուբենից կազմված զարդերի հավաքածու է ներկայացրել

ԱՄՆ-ում Քարդաշյան ընտանիքի հռչակը, ինչպես նաեւ հայերի մասին տեղեկությունների ավելացումը գործարարներին հնարավորություն է տալիս հայկական զարդանախշերով արտադրանք ներկայացնել շուկայում:
Դիզայներ-ոսկերիչ Վաննա Քիթսինյանի «Vanna K» ապրանքանիշը զարդերի նոր հավաքածու է թողարկել, որտեղ օգտագործված են հայերենի այբուբենի տառերը: Հավաքածուն նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, տեղեկացնում է jckonline.com-ը:
«Հայերենը գեղագիտական, տեսողական առումով շատ գեղեցիկ է եւ իբրև մշակութային արժեք՝ անգնահատելի է: Ինձ համար կարեւոր էր հայոց այբուբենը ներկայացնող զարդեր ստեղծել, որովհետեւ լեզվական ժառանգությունը եղել եւ մնում է մեր ինքնության պահպանման համար մղվող պայքարի կարեւոր մասը»,- ասում է Վաննան:
Հայերեն տառերից յուրաքանչյուրը հավաքածուի մեջ ներկայացված է դեղին, սպիտակ եւ վարդագույն ոսկով: