Աճուրդում 20հզր դոլարով վաճառվել է Հենրիկ Մխիթարյանի մարզաշապիկը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինն իր ամենամյա դրամահավաք-ճաշկերույթն է անցկացրել Տորոնտոյի Հայ համայնքի կենտրոնում: Միջոցառմանը ներկա են եղել Հիմնադրամի ավելի քան 330 աջակիցներ և պաշտոնատար անձիք: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դրամահավաք-ճաշկերույթի ավարտին արձանագրվել է 585.000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն: Հասույթը ներառում է նաև երեկոյի ընթացքում անցկացված աճուրդում 20.000 ԱՄՆ դոլարով վաճառված` հայտնի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի մարզաշապիկի գումարը:
Ըստ հաղորդագրության՝ ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը հայտարարել է, որ նվիրաբերված գումարով Տորոնտոյի տեղական մարմինը չորս նոր ծրագիր կնախաձեռնի Արցախում` կկառուցի երկու համայնքային կենտրոն և տներ բազմազավակ անապահով երկու ընտանիքի համար: Տորոնտոյի տեղական մարմնի դրամահավաքը շարունակվում է, և նա հույս է հայտնել, որ մինչև Հեռուստամարաթոնի օրը` նոյեմբերի 26-ը, հանգանակությունների թիվը կավելանա: